23 հունվարի 2015 - 16:11 AMT
«1915-2015. Ավանդույթ, ժառանգություն, մշակույթ». Հայ արվեստագետների ցուցահանդես Ֆրեզնոյում

Հայող ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Ֆրեզնոյի արվեստի թանգարանի 4 պատկերասրահում հայ արվեստգետների աշխատանքներ կցուցադրվեն:

«1915-2015. Ավանդույթ, ժառանգություն, մշակույթ» խորագրով ցուցահանդեսը բացվել է այսօր՝ հունվարի 23-ին, և կշարունակվի մինչև ապրիլի 26-ը, տեղեկացնում է The Fresno Bee պարբերականը:

Կազմակերպիչը Ֆրեզնոյի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կոմիտեն է, որի նպատակն է բարձրացնել 1915-ի Հայոց ցեղասպանության մասին հանրության իրազեկվածությունը և վերապրածների պատմությունների միջոցով օգնել մարդկանց հաղթահարել թշվառությունը:

Ցուցահանդեսին կներկայացվեն անցած դարի հայ նկարիշներ Ջոն Ալթունի, Վարուժան Պողոսյանի, Արշիլ Գորկու, Արա Դոլարյանի, Էդ Մարուկի, Վիլյամ Սարոյանի և այլոց աշխատանքները:

Կոմիտեի անդամներից Ռեջինա Փիթերսն ասում է, որ ցուցադրությունը շատ կարևոր է հայ համայքնի համար, քանի որ համաշխարհային մակարդակի արվեստ է ներկայացնում: Դրա ընթացքում կներկայացվեն Սարոյանի բրոնզե արձանն ու գծանկարները, Սամուելյանի կնոջ՝ Աննայի դիմանկարը, Ալթունի «Անվերնագիրը», Գորկու հավաքածուն և շատ այլ աշխատանքներ:

Ֆրեզնոյի հայ համայնքը ձևավորվել Է XIX դարավերջին։ Արդեն հաջորդ դարասկզբին հայերի թիվը հասել է 4.000-ի։ 1900-ին հիմնվել Է առաջին հայ առաքելական Սբ Երրորդություն եկեղեցին։ 2003 տվյալով Ֆրեզնոյում և շրջակայքում բնակվում է մոտ 60.000 հայ։ Քաղաքում հայկական տարբեր կազմակերպությունների գործունեությունը համադրելու համար ստեղծվել է Համագաղութային խորհուրդ։ Գործում են հայկական ռադիոժամեր։