23 հունվարի 2015 - 18:03 AMT
Մասաչուսեթսում կներկայացվի Թուրքիայի «կորուսյալ» հայերի մասին գիրքը

Փաստաբան Ֆեթիյե Չեթինը և սոցիոլոգ Այշե Գյուլ Ալթընայն ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Ուոթերսթուն քաղաքի հանրային գրադարանում հունվարի 27-ին կներկայացնեն իրենց համահեղինակած՝ «Թոռներ. Թուրքիայի «կորուսյալ» հայերի թաքնված ժառանգությունը» գիրքը: Նրանց է միանալու նաև պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը, որը գրել է գրքի անգլերեն թարգմանության առաջաբանը:

Ըստ The Armenian Weekly-ի՝ գիրքը պատմում է 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ իսլամացած հայերի մասին: Շատ դեպքերում մարդիկ չէին էլ խոսում իրենց հայ ինքնության մասին, ուստի նրանց երեխաները մեծացան առանց այդ փաստի գիտակցության և ձուլվեցին թուրք և մահմեդական հարևաններին:

Առաջին անգամ ծպտյալ հայերի մասին լռությունն ընդհատվել է 2004-ին, երբ Չեթինը հրապարակելց իր «Իմ տատը» գիրքը, որտեղ նա պատմում էր իր տատի հայկական ինքնության բացահայտման պատմությունը: Դրան հաջորդող տասը տարվա ընթացքում բազմաթիվ թուրքեր են հրապարակել իրենց հայկական արմատների մասին պատմող գրքեր կամ հոդվածներ:

Ասպիսով, գիրքը բացահայտում է Հայոց ցեղասպանության մի կարևոր պատմական կողմ և վերապրածների ու ժառանգների վրա դրա ազդեցությունը:

«Անցյալն ուսումնասիրելիս մենք չպետք է անտեսենք տառապանքի մնացած ձևերը: Լռության պատնեշ ստեղծելու փոխարեն պետք է կոտրենք անցյալի լռությանպատերը»,- ասել է Ալթընայը: