Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, «սխալմամբ» հրապարակել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի լուսանկարը իր պաշտոնական օրացույցում, որը պատրաստվել էր Չանաքքալեի ճակատամարտի հարյուրամյակի նշանավորման առիթով, հայտնել է Hurriyet-ը Tert.am-ի փոխանցմամբ:
Ծիծեռնակաբերդի լուսանկարը տեղ է գտել ապրիլ ամսվա էջում: Դրանից հետո գերատեսչության ներկայացուցիչը թուրքական լրատվամիջոցին ասել է, որ «լուսանկարը պատահմամբ այլ լուսանկարների հետ է տեղ գտել» օրացույցում: Այդ դիպվածի բերումով հետաքննություն է սկսվել՝ պարզելու մեղավորին: Այդ օրացույցների մեծ մասը դեռ չի տարածվել:
Վերջերս Թուրքիայի իշխանությունները Չանաքքալեի ճակատամարտի մարտյան արարողությունը որոշեցին այս տարի նշել ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ ամեն տարի այն նշվել է մարտի 18-ին: Թուրքիայի նախագահ Էրդողանը հրավիրեց ՀՀ նախագահին մասնակցելու Չանաքքալեի ճակատամարտի հարյուրամյակի ապրիլի 24-ին կայանլիք միջոցառմանը:
Էրդողանի առաջարակը լայնորեն քննարկվեց ԶԼՄ-ներում, հիմնականում, բացասական արձագանք ստանալով:
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքել է նաև այն վարկածը, թե դա գուցե Հայաստանի հետ նոր երկխոսություն սկսելու ջանք է:
Նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահին հրավիրել է ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որում, մասնավորապես, ասված է.
Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:
«Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»:
Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: