7 փետրվարի 2015 - 15:04 AMT
Թուրքիայի ԱԳ նախարարին վշտացրել է 1915-ի մասին գերմանացի որոշ քաղգործիչների դիրքորոշումը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Գերմանիայում լրագրողների հետ հանդիպմանը հերթական անգամ անդրադարձել է «1915-ի հարցով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությանը», գրում է Tert.am-ը Haberler-ին հղումով:

«Թող ընդհանուր հանձնաժողով ստեղծվի և հայտարարություն արվի: Մենք այդ հարցում ամաչելու խնդիր չունենք»,- հայտարարել է Չավուշօղլուն:

Պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարն առաջին անգամ շրջանառվել է 1985 թվականին: Թուրքիայի կառավարության դրամաշնորհներից օգտվող 69 գիտնական The News York Times-ի և The Washington Post-ի էջերից դիմեց ԱՄՆ կոնգրեսին՝ կոչ անելով չքվեարկել Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի օգտին, քանի որ «դեռ շատ փաստեր պետք է ուսումնասիրվեն մինչև որ պատմաբանները կարողանան հստակ առանձնացնել պատասխանատուներին և անմեղներին, մատնանշեն իրադարձությունների պատճառները»:

Տարիների ընթացքում այս առաջարկը հստակեցվեց՝ ունենալով միայն մի նպատակ՝ տասնամյակներով ապացուցել հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտությունը և հարցը բաց պահել: Թուրքիայում կառավարություններ էին փոխվում, բայց այս քաղաքականությունը նաև Էրդողանի և Դավութօղլուի «Արդարություն և զարգացում» կուսակցությունն է շարունակում:

Թուրք նախարարը խոսել է նաև հարցի վերաբերյալ Գերմանիայի՝ վերջերս հայտնած դիրքորոշման մասին՝ գնահատելով չմիջամտելու քաղաքականությունը:

Գերմանիայի կառավարությունն օրերս հայտարարել էր, թե «ջարդերի ու տեղահանությունների» բացահայտումը նախ Թուրքիայի և Հայաստանի հարցն է:«Գերմանական կառավարությունը թուրքական ու հայկական կողմերի հարաբերությունները կարգավորելուն ուղղված համարձակ քայլերին հարգանքով է մոտենում: Երկու կողմի մերձեցումն ու պատմաբանների հանձնաժողովի ստեղծման համարձակություն ցուցաբերելը կարևոր է»,- ասվում էր գրավոր պատասխանի տեքստում:

Թուրք արտգործնախարարը, սակայն, դժգոհել է, որ որոշ գերմանացի քաղաքական գործիչներ աջակցում են հայկական նախաձեռնություններին, ինչը, ըստ նրա, վշտացնում է իրենց:

Նա հայտարարել է, թե ճիշտ չէ, երբ քաղաքական գործիչներն են խոսում և գնահատական տալիս «1915-ի դեպքերի» մասին: «Սահմանափակ տեղեկություններ ունեցող քաղաքական գործիչների կողմից հարցը մեկնաբանելն անգամ սխալ է»,- ասել է նա:

Պաշտոնական Անկարան մշտապես շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը, ինչպես նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: