20 հուլիսի 2006 - 18:48 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. 2006 թվականին Ղարաբաղյան կարգավորման հարցում հույս չի մնացել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում սկզբունքային որեւէ նոր բան չի նախատեսվում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Կովկասի ԶԼՄ-ների ինստիտուտի (ԿԶԼՄԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ոչ մի նոր գաղափար կամ առաջարկ չի հնչեցնի:

Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծել է, որ 2006 թվականին հակամարտության կարգավորման հարցում հույս չի մնացել: «Փաստորեն, կատարվեց այն, ինչը եւ կանխատեսում էին քաղաքագետներն ու փորձագետները. Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ որեւէ առաջխաղացում 2006 թվականին չի լինի»,- ընդգծել է ԿԶԼՄԻ-ի տնօրենը:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ Մեթյու Բրայզան հնարավոր է Ղարաբաղյան հարցի կարգավորման նոր առաջարկներ ներկայացնի: ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ի կողմից համանախագահ Մեթյու Բրայզայի այցելությունը Երեւան նախատեսված է հուլիսի 29-ին: