24 փետրվարի 2015 - 15:00 AMT
ԵՏՄ Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016-ի կեսին

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Մաքսային օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016-ի կեսին, հայտարարել է ՌԴ ԴՄԾ մաքսային վարչության պետ Վյաչեսլավ Գոլոսկոկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս պահին Մաքսային օրենսգիրքն արդեն պատրաստ է, այն գտնվում է ներպետական համաձայնեցման փուլում: Հուսով ենք, որ բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, օրենսգիրքն ուժի մեջ կմտնի 2016-ի կեսին»,-ասել է պաշտոնյան:

Նա նշել է, որ Հայաստանը որպես Մաքսային միության նոր անդամ և Ղրղզստանը, որը մտադիր է անդամակցել միությանը, «արդեն չեն կարողանա ազդեցություն ունենալ փաստաթղթի վրա»:

«Հայաստանն ու Ղրղզստանը միանում են արդեն գործող օրենսդրությանը և չեն կարող շտկումներ կատարել: Փաստաթուղթը մշակել են ՄՄ անդամներ Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը»,-ասել է Գոլոսկոկովը: Ըստ նրա, փաստաթղթում նոր մոտեցումներ կան մաքսային վերահսկողությանը: Օրինակ, նախատեսված է անցում մաքսային հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային եղանակի:

«Այդպես տեղի կունենա հայտարարագրերի ավտոմատ գրանցում, իսկ դեռևս շրջաններից շատերում դա ձեռքով է արվում և մոտ 2 ժամ է զբաղեցնում: Էլեկտրոնային գրանցումը 5 վայրկյան է պահանջում: Նոր օրենսգրքի ընդունմամբ մենք պետք է լիովին անցնենք էլեկտրոնային գրանցման: Գործընթացի ավտոմատացման շնորհիվ մաքսային հայտարարագրերի ստուգման համար կպահանջվի ոչ ավելի, քան 10 րոպե»,-ասել է ԴՄԾ մաքսային վարչության պետը:

Հայաստանը 2015թ. հունվարի 2-ից դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ: Գործընթացին նախապատրաստվելու համար դեռևս անցած տարեվերջին ընդունվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ: Արտահանման դեպքում պահպանվել են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառման և ակցիզային հարկից ազատման մոտեցումները:

ԵՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և այդ երկրներից ապրանքների ներմուծման համար մաքսային ձևակերպումներ չեն կատարվում: Հաշվի առնելով Միության հետ ՀՀ ընդհանուր սահմանի բացակայությունը` ապրանքները ձևակերպվում են միայն «Տարանցում» մաքսային ընթացակարգով և տեղափոխվում նույնականացման միջոցների կիրառմամբ: ԵՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման համար մաքսատուրքեր չեն հաշվարկվում և չեն գանձվում: