27 փետրվարի 2015 - 11:23 AMT
ԱՄՆ կոնգրեսականը Քերիին կոչ է արել խիզախություն ունենալ և ճանաչել Ցեղասպանությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի կոմիտեի անդամ Բրեդ Շերմանը կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին խիզախություն ունենալ և ճշմարտությունն ասել Ցեղասպանության մասին:

Կոնգրեսականն այս հայտարարությունն արել է փետրվարի 25-ին արտաքին հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ Քերիի ելույթի ընթացքում: «Սենատորի պաշտոնում աշխատելու տարիներին դուք հետամուտ էիք լինում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այժմ մենք պատրաստվում ենք ոգեկոչել Ցեղասպանության 100-րդ տարելիցը, և հուսով եմ, որ դուք խիզախություն կունենաք, ինչով հայտնի եք, և ապրիլի 24-ին կօգտագործեք «ցեղասպանություն» բառեզրը՝ նկարագրելու համար 100 տարի առաջ Անատոլիայում կատարվածը», - ասել է Շերմանը:

Այս և մյուս հարցեին Ջոն Քերին գրավոր կպատասխանի առաջիկա շաբաթներին, հայտնում է Armenia Today-ը:

2014-ին հայ համայնքին ուղղված իր ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում նախագահ Օբաման ինչպես նախորդ տարիներին խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից՝ սահմանափակվելով հայերեն՝ Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը քննադատեց նախագահ Բարաք Օբամային, ով ապրիլքսանչորսյան իր ամենամյա ուղերձում կրկին խուսափեց օգտագործել ցեղասպանություն բառը՝ փոխարենը գործածելով Մեծ եղեռն բառակապակցությունը:

«Տխուր է տեսնել, որ մեր նախագահը, ով պաշտոնը ստանձնելիս խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այժմ աջակցում է օտարերկրյա պետության լռության քաղաքականությանը և լռեցնում է մեր պետության խոսքը մի ցեղասպանության մասին, որն այդքան մանրամասն վավերագրված է մեր ազգային արխիվներում»,- ասված է հայտարարությունում։

«Փաստն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների ցանկացած երկարատև բարելավում պահանջում է, որ Անկարան վերջ տա իր ժխտողականությանը, ընդունի իր բարոյական և նյութական պատասխանատվությունը և համաձայնի ողջ մարդկության դեմ ուղղված ու անպատիժ մնացած այս հանցագործության վերաբերյալ միջազգային բանաձևի ընդունմանը»,- ասել էր Արամ Համբարյանը։

Բարաք Օբաման, լինելով սենատոր և նախագահության թեկնածու, խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հենց որ հաստատվի Սպիտակ տանը: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ: