27 փետրվարի 2015 - 11:14 AMT
ԱՄՆ 43-րդ նահանգը՝ Հարավային Դակոտան, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը փետրվարի 26-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Բանաձևին կողմ է քվեարկել 51 պատգամավոր, դեմ է եղել 17-ը:

Ընդունված փաստաթուղթը դատապարտում է Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը և ողջոնում է այս թեմայի ուսումնասիրությունը Հարավային Դակոտայի դպրոցներում: Հայոց ցեղասպանությունից բացի այս բանաձևը վերաբերում է նաև հույների և ասորիների ցեղասպանություններին:

Բանաձևը կոչ է անում ԱՄՆ նախագահ Օբամային և ԱՄՆ Կոնգրեսին հետևողական լինել ու պաշտոնապես ճանաչել հայերի, հույների և ասորիների դեմ իրենց պատմական հայրենիքում՝ Անատոլիայում գործած վայրագությունների փաստը:

Բարաք Օբաման, լինելով սենատոր և նախագահության թեկնածու, խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հենց որ հաստատվի Սպիտակ տանը: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ:

Ավելին՝ 2013-ի մայիսին Օբամայի վարչակազմը դիմել էր գերագուն դատարան՝ խնդրելով չքննել 9-րդ շրջանի բողոքարկիչ դատարանի Կալիֆորնիայի օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ հայտարարելու մասին 2012-ի որոշումը, որով նախատեսվում էր երկարացնել հայցերի ներկայացման ժամկետը Ցեղասպանության տարիներին կյանքի ապահովագրության փոխհատուցումների վճարումների վերաբերյալ: