3 մարտի 2015 - 13:25 AMT
Հայ երիտասարդները խափանել են ադրբեջանցիների քարոզչական միջոցառումը Փարիզում

Եվրոպայի ադրբեջանցիների ասոցիացիան (TEAS) փորձել է 1992 թ. Աղդամի իրադարձություններին նվիրված քարոզչական միջոցառում անցկացնել Փարիզի 7-րդ շրջանի «Հայարտուն» թատրոնի շենքում:

Ադրբեջանական միջոցառման սակավաթիվ հյուրերի հետ, այնտեղ են եղել նաև «Նազարբեկ» հայ երիտասարդական կազմակերպության անդամները, որոնք բողոք են հայտնել Ադրբեջանի կողմից պատմությունը խեղաթյուրելու դեմ, հայտնում է Panorama.am-ը:

Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները նաև իրազեկել են ներկաներին մարդու իրավունքների ու խոսքի ազատության խախտումների մասին Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպանների օրինակով: Հավաքվածները վանկարկել են՝ «Ֆրանսիան չի վաճառվում», ֆլաերներ են բաժանել ողբերգության իրական հանգամանքների մասին: «Նազարբեկը» նաև հանդիպում էր կազմակերպել Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի հետ, որի ընթացքում ոգեկոչվեց 1988թ. Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը:

Խոջալու գյուղն ադրբեջանական հենակետերից մեկն էր Լեռնային Ղարաբաղի կենտրոնում, որտեղից, ըստ Human Rights Watch-ի, ամիսներ շարունակ հրետակոծվել է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը: Անկանոն հարվածների ու դիպուկահարների կրակոցներից հարյուրավոր քաղաքացիներ են սպանվել կամ հաշմվել: Քանդվել են բնակելի տներ, հիվանդանոցներ, ու օրինական ռազմական թիրախներ չհանդիսացող այլ շինություններ, իսկ տեղի բնակչությունը ենթարկվել է ահաբեկչության: Այդպիսով, ադրբեջանական կողմի կրակակետի ոչնչացումը կյանքի գին ուներ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար:

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը մեղադրեց իր քաղաքական ընդդիմախոսներին Խոջալուի սպանությունների համար: Նա հարցազրույց տվեց, որտեղ հայտարարեց, որ «…հայերն այնուամենայնիվ միջանցք էին թողել, որով մարդիկ կարող էին փախչել: Ուրեմն ինչո՞ւ պետք է նրանք կրակեին:

Այն փաստը, որ Խոջալուի բնակիչները դարձան Ադրբեջանում ներքաղաքական դաժան պայքարի զոհերը, հաստատել է նաև Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ Կարաևը, նրա հետնորդ Մամեդովը, ադրբեջանցի իրավապաշտպան Յունուսովն ու այլոք: