9 դեկտեմբերի 2002 - 18:47 AMT
ԵԱՀԿ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ԲԱՔՎԻ ՋԱՆՔԵՐԸ ՏԱՊԱԼՎԵԼ ԵՆ
Մենք շատ գոհ ենք Պորտոյում ավարտված ԵԱՀԿ անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի արդյունքներից: Այդպիսի կարծիք է հայտնել համաժողովի ավարտից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ընդունվել են մի շարք շատ կարեւոր փաստաթղթեր` հատկապես բանաձեւերը ահաբեկչության դեմ պայքարի, մարդկանց առեւտրի ու մաքսանենգության վերաբերյալ: Նախարարը գոհունակություն է հայտնել նաեւ Հայաստանին ուղղակիորեն առնչվող խնդիրների քննարկումների արդյունքներով, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հարցի: «Ադրբեջանի` ԵԱՀԿ գործընթացը չարաշահելու բազմամյա ջանքերը տապալվեցին` նրանց չհաջողվեց իրականացնել գործընթացը պատանդելու ռազմավարությունը»,- ասել է Վարդան Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը Պորտոյում հանդիպումներ է ունեցել Ռումինիայի, Լիտվայի ու Հարավսլավիայի իր գործընկերների հետ: