10 մարտի 2015 - 11:52 AMT
Մերկելի հետ հանդիպումից հետո Օբաման հետաձգել է զենքի առաքումն Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է հետաձգել մահաբեր պաշտպանական զենքի առաքումն Ուկրաինա Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո, հայտնել է Associated Press-ին տված հարցազրույցում Վաշինգտոնում Գերմանիայի դեսպան Պետեր Վիտտիգը:

Գործակալությունը նշում է, որ պետության ղեկավարը նման որոշում է ընդունել, չնայած ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների ճնշմանը, ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների: AP զրուցակիցը նշել է, որ ԱՄՆ ու Գերմանիայի առաջնորդների հանդիպումը տեղի է ունեցել փետրվարին, հայտնում է Forbes-ը:

Ըստ Վիտտիգի, այն ժամանակ Օբաման որոշեց հետաձգել զենքի առաքումները Կիև, համաձայնվելով ԳԴՀ կանցլերի այն փաստարկների հետ, որ անհրաժեշտ է «որոշակի տարածություն թողնել այն դիվանագիտական ու քաղաքական ջանքերի համար, որոնք արդեն իրականացման փուլում են»:

«Երկու երկրների ղեկավարները կարծիքներ են փոխանակել այդ հացի շուրջ և համաձայնվել են չշտապել մահաբեր զենքի առաքման հարցում»,-մեջբերում է գործակալությունը Վիտտիգի խոսքը:

Փետրվարի 12-ին «նորմանդական քառյակի» ձևաչափով Մինսկում կայացած բանակցություններում հաջողվեց պայմանավորվել հրադադարի մասին Դոնբասի հակամարտության գոտում փետրվարի 15-ի կեսգիշերից, ծանր սպառազինությունը հետ քաշելու, ինչպես նաև իրավիճակի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանն ուղղված միջոցների մասին: Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Փետրվարին մի խումբ կոնգրեսականներ օրինագիծ ներկայացրեցին Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին, որով նախատեսվում է մինչև 2017 թ. 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն, զենք ու տեխնիկա տրամադրել: Խոսքը ուսումնական սպառազինության, պաշտպանական մահաբեր զենքի, լոգիստիկ աջակցության, ապահովման միջոցների, ինչպես նաև հակատանկային համակարգերի ու ռադարների մասին է:

Մարտի 7-ին ԱՄՆ-ն հետաձգեց ուկրաինացի զինծառայողների վարժեցման համար ռազմական մասնագետների գործուղումն Ուկրաինա, քանի որ «սպասում է, որ Մինսկի պայմանավորվածությունները կկատարվեն»: Ուսուցողական առաքելությունը, որի մասին Պենտագոնը հայտարարեց նախորդ տարվա օգոստոսին, պետք է սկսվեր մարտին: Նախատեսվում էր, որ ամերիկացի զինվորների գումարտակն այնտեղ կվարժեցնի «պաշտպանվել ռուսների ու աշխարհազորայինների հրետանուց» Ուկրաինայի Ազգային գվարդիայի երեք գումարտակների զինվորներին: