11 մարտի 2015 - 14:38 AMT
Քննարկվել են ԱՊՀ երկրների ՀՕՊ Միացյալ համակարգի զարգացման հեռանկարները

ԱՊՀ անդամ երկրների ՀՕՊ Միացյալ համակարգի Զինված ուժերի ներկայացուցիչները Յարոսլավլում տեղի ունեցած հավաքի ժամանակ քննարկել են սեպտեմբերին Աշուլուկ զորավարժարանում (Աստրախանի շրջան) «Մարտական գործակցություն-2015» համատեղ զորավարժությունների նախապատրաստման ընթացքը: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ տեղեկատվության և մամւոլի վարչության Տիեզերաօդային պաշտպանության զորքերի գծով ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը:

«Հավաքի մասնակիցները մի շարք աշխատանքային հանդիպումներ են անցկացրել, որտեղ քննարկել են ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի զարգացման հեռանկարները, զորամասերի և հրթիռային զորքերի ռադիոտեխնիկական ու զենիթային ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովման առանձնահատկությունները, օդային գրոհների միջոցներով մասսայական հարվածներին հակազդեցության ժամանակ զորքերի մարտական կառավարման գործընթացների ավտոմատացումը»,-ասել է Զոլոտուխինը:

Բացի այդ, փորձի փոխանակում է իրականացվել զանգվածային միջազգային միջոցառումների նախապատրաստման ու անցկացման, ահաբեկչական գործողությունների սպառնալիքի մասին տեղեկությունների, օդանավի գրավման ժամանակ հակաահաբեկչական գործողությունների կազմակերպման ոլորտում:

Զոլոտուխինը հստակեցրել է, որ ԱՊՀ Միացյալ համակարգի գործունեությանն առնչվող հարցերի քննարկմանը մասնակցել է մոտ 50 սպա ՌԴ Տիեզերաօրդային պաշտպանության զորքերից ու ՌՕՈւ-ից, ինչպես նաև նրանց գործընկերները Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից, հայտնում է «Ինտերֆաքս-ԱՎՆ»-ն:

Մասնակիցները նաև ծանոթացել են C-400 «Տրիումֆ», C-300 «Ֆավորիտ», «Պանցիր-C» զենիթահրթիռային համակարգերի կիրառման ու գործարկող մասնագետների նախապատրաստման առանձնահատկություններին: Նշված զինատեսակները կիրառվելու են առաջիկա զորավարժանքների ժամանակ, ասել է Զոլոտուխինը:

1995 թվականի փետրվարի 10-ին ԱՊՀ 10 պետությունների միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի ստեղծվում է ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգ։ Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան։ ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգում չներգրավվեցին Ադրբեջանը, Մոլդովան:

1997 թվականից համակարգից դուրս եկան Վրաստանն ու Թուրքմենստանը, իսկ Ուզբեկստանն ու Ուկրաինան համագործակցում են Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության շրջանակներում։