31 հուլիսի 2006 - 16:04 AMT
Մ.Բրայզա. Ընտրությունները խոչընդոտ չեն Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար
Իհարկե, շանս կա ղարաբաղյան հակամարտության լուծմանը հասնել արդեն 2006 թվականին, եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համար էլ շատ շահեկան կլիներ ընտրություններին ներկայանալ հարցը լուծած: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Սակայն ընտրություններն էլ բանակցային գործընթացի համար խոչընդոտ չեն: Պարզապես հարցը ավելի հեշտ է լուծել այն ժամանակ, երբ քաղաքական գործընթացները դեռ չեն թեժացել»:

Պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք Մինսկի խումբը գործել եւս 10 տարի, Մ.Բրայզան պատասխանեց.-«Մենք պատրաստ ենք գործել այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը լուրջ են մոտենում բանակցային գործընթացին: Մենք տեսնում ենք, որ մեր բարեկամները Հայաստանում լրջորեն են վերաբերում գործընթացին»: