17 մարտի 2015 - 11:47 AMT
Էրդողան. Եթե 90-ականների սկզբին Թուրքիան ուժեղ լիներ, ղարաբաղյան հակամարտություն չէր լինի

Եթե 90-ականների սկզբին Թուրքիան ուժեղ լիներ, ղարաբաղյան հակամարտություն չէր լինի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Մեկնաբանելով հարևան տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը՝ Էրդողանն հատուկ անդրադարձ է կատարել մի շարք արաբական երկրների, ինչպես նաև Հարավային Կովկասի հակամարտություններին, հայտնում է Ռոսբալտը թուրքական Anadolu-ի վրա հղումով:

Ըստ նրա, եթե Թուրքիան այն տարիներին այսօրվա հզորությունն ունենար, կկարողանար կանխել ղարաբաղյան հակամարտությունը:

Ավելի վաղ Էրդողանը կրկին նախապայմաններ առաջադրեց հայ-թուրքական սահմանը բացելու համար: Թուրքիան չի բացի սահմանը Հայաստանի հետ, քանի դեռ վերջինս չի «ազատագրել Ադրբեջանի գրավյալ տարածքները»,-հայտարարել է նա:

1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային եւ ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

Խոսելով ղարաբաղյան կարգավորման մասին՝ Էրդողանն ասել էր, որ եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանան, հարցը շատ արագ կլուծվի:

Մինչդեռ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ ղարաբաղյան կարգավորումը «Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններից է»: «Ուստի մենք միշտ ուշադիր հետևում ենք ղարաբաղյան կարգավորման հետ կապված գործընթացներին, ակտիվ ենք այն ջանքերում, որ գործադրվում են ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում»,-ասել է Չավուշօղլուն:

Ըստ նրա, Թուրքիան, որպես ՄԽ անդամ տարբեր հարթակներում և երրորդ երկրների հետ շփումներում միշտ բարձրացնում է ղարաբաղյան հակամարտության թեման, որն իր խնդիրն է համարում: