18 մարտի 2015 - 17:11 AMT
Ինչո՞ւ են հայաբնակ Ջավախքում հատուկջոկատայիններ տեղակայվել

Այսուհետ վրացական հատուկ նշանակության ուժեր կտեղակայվեն հայաբնակ Ջավախքում մշտական հիմքով: Ասպինձա ավանում, որը գտնվում է Ախալքալաքի և Ախալցխայի միջև, երեկ բացվել է Վրաստանի ՆԳՆ Հատուկ նշանակության միջոցառումների կենտրոնի տարածաշրջանային վարչությունը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար Ջավախք է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:

Վարչապետը, դիմելով Ասպինձայում տեղակայված հատուկջոկատայիններին, ասել է. «Միակ շրջանը, որտեղ, ի զարմանս ինձ, մինչ օրս չի եղել ոստիկանության հատուկ հանձնարարությունների վարչություն, Սամցխե Ջավախեթիի շրջանն էր: Ես դա պատահաբար հայտնաբերեցի, երբ աշխատում էի որպես ՆԳ նախարար: Այսօր մենք ունենք բազա, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին ու հագեցած է արդիական տեխնիկայով»:

Հատկանշական է, որ հատուկ նշանակության ջոկատի կայանը, որը նախատեսված է ամենալուրջ գործողությունների համար, այդ թվում զանգվածային անկարգությունների դեմ պայքարելու համար, տեղակայվել է Ջավախքի ամենավրացաբնակ ավաններից մեկում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վրաստանի վարչապետը առիթը բաց չի թողել այս անգամ ևս քննադատելու Վրաստանի նախկին իշխանություններին՝ մեղադրելով նրանց Ջավախքում արագ արձագանքման ուժերի տեղակայման հարցի լուծումը ձգձգելու մեջ: Խոսքը, մասնավորապես, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ամենամոտ անձանցից մեկի՝ Վանո Մերաբիշվիլիի մասին է:

«Այս ամբողջ տարածքը ընդամենը 1 լարիով ցանկանում էր ձեռք բերել Վանո Մերաբիշվիլիի հայրը: Երկար տարիներ այստեղ մի կիսավեր, չգործող մանկապարտեզի շենք կար, որի տեղում Մերաբիշվիլիի հայրը մտադիր էր հյուրանոց կառուցել: Եվ սա մի իրավիճակում, երբ երկրի ամենակարևոր շրջաններից մեկում ընդհանրապես չկար ոստիկանության հատուկ նշանակության ուժերի կենտրոն»,-ասել է Ղարիբաշվիլին:

Վարչապետն Ասպինձայում գովեստի բազում խոսքել է ասել հատուկջոկատայինների հասցեին՝ նշելով, որ անցել են այն ժամանակները, երբ ապօրինի հրամանների կատարման համար պատժվում էին շարքային ոստիկանները: Ըստ վրացական մամուլի, սա ևս ակնարկ էր նախկին իշխանությունների հասցեին:

Ըստ 2002 թ. մարդահամարի, Ջավախքի 113 000 բնակչության 95 տոկոսն ազգությամբ հայ է՝ 90,4 հազար հայ: Վրացիները 3,7 հազար են: