23 մարտի 2015 - 19:13 AMT
Եվրոպայի 50 կուսակցության երիտթևերը միավորող կառույցը Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է տարածել

Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք կազմակերպության (DEMYC) գործադիր մարմինն այսօր` մարտի 23-ին, ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն, տեղեկացրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը:

«Հայտարարության մեջ, մասնավորապես, դատապարտվում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1894-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը, հատուկ կազմակերպված էթնիկ զտումները, ինչպես նաև Թուրքիայի ժխտողականությունը` կոչ անելով Ցեղասպանություն իրականացրած երկրին առերեսվել պատմության հետ»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Կարեն Ավագյանը նաև նշել է, որ DEMYC-ի ներկայացուցիչները ապրիլի 23-26-ը լինելու են Երևանում, որտեղ կայանալու է DEMYC-ի խորհրդի հավաքը, ներկայացուցիչները մասնակցելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցի բոլոր միջոցառումներին և այդ հավաքի ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից ներկայացվելու է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև:

Պատգամավորի խոսքով, սա փաստացիԵվրոպայի երիտասարդների առաջին արձագանքն է Հայոց ցեղասպանությանը. «Ուրիշ որևէ ձևաչափ ես չեմ հիշում, որ երիտասարդական կազմակերպություններն այսպիսի կոշտ դիրքորոշում հայտնեն Թուրքիայի վերաբերյալ և իրենց մասնակցությամբ ամրապնդեն այս հայտարարությունը»:

DEMYC-ը միավորում է մոտավորապես հիսուն երկրի կուսակցությունների երիտասարդական թևեր: Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը եվրոպական այս կառույցում ներկայացված է փոխնախագահի պաշտոնով: