4 օգոստոսի 2006 - 22:19 AMT
Լիբանանում քաղաքացիական պատերազմի հնարավորությունը չափազանց փոքր է
Լիբանանում քաղաքացիական պատերազմի հնարավորությունը չափազանց փոքր է: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ջեբրաիլ Ժաարայը, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցերին: Նրա խոսքերով, ներկայումս ողջ ժողովուրդն, անկախ ազգային պատկանելությունից եւ դավանանքից, պատրաստ է հակազդել Իսրայելի ագրեսիային: «Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանը, ապա ես պետք է ասեմ, որ Իրանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում եւ, բնականաբար, նա լավ հարաբերություններ ունի ինչպես «հեզբոլլահի», այնպես էլ Լիբանանի կառավարության հետ: Մի մոռացեք, որ «Հեզբոլլահը» Լիբանանի հասարակության մի մասն է եւ իր ներկայացուցիչներն ունի երկրի խորհրդարանում եւ կառավարությունում: Կառավարության որոշման յոթ կետերը կատարելու դեպքում, «Հեզբոլլահն» իր տեղը կզիջի Լիբանանի կանոնավոր բանակին»,-ասել է դեսպանը:

Միեւնույն ժամանակ դեսպանն ընդգծել է նաեւ, որ ԱՄՆ-ն բարեկամաբար է տրամադրված Լիբանանի հանդեպ, եւ հույս է հայտնել, որ Ամերիկան կաջակցի ճգնաժամի հանգուցալուծմանն ու խաղաղության հաստատմանը Մերձավոր Արեւելքում: