30 մարտի 2015 - 17:04 AMT
ԵՏՄ միասնական արժույթի մասին խոսակցությունները չեն նշանակում, որ այն անհապաղ կյանքի կկոչվի

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակում արժութային միության ստեղծման հարց դեռևս օրակարգում չկա, դա փորձագիտական ուսումնասիրության թեմա է, հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ռուսաստանի նախագահը հանձնարարել է մշակել արժութային միության հնարավոր ստեղծման բոլոր ասպեկտները»,-ասել է Շուվալովը: Սակայն դա չի նշանակում, որ նման միություն անհապաղ կստեղծվի: Հարկավոր է «ուսումնասիրել մյուս արժութային միությունների փորձը, առաջին հերթին ԵՄ-ը, այդ թվում նաև բացասական կողմերով»: Հարկավոր է հասկանալ, պատրաստ են արդյոք ԵՏՄ երկրները միասնական արժույթի անցնել, երբ գնաճի թիրախային ցուցանիշները դեռ գրանցված չեն, թե հարկ կլինի բավարարվել ազգային բանկերի համագործակցությամբ:

«Կուսումնասիրենք ինչ առավելություններ և թերություններ ունեն նման միությունները: Երկխոսություն կհաստատենք ու կզեկուցենք բարձրագույն ղեկավարությանը, երբ կլինի ինչ-որ իրական բովանդակություն: Առայժմ դա աշխատանք է փորձագետների համար»,-ասել է Շուվալովը: «Պետք չէ սխալներ գործել ու շտապել»,-հավելել է առաջին փոխվարչապետը: ԵՏՄ-ն բարդ ժամանակներ է ապրում երկու նոր պետությունների անդամակցությամբ՝ ՌԴ-ին, Բելառուսին ու Ղազախստանին միացան Հայաստանն ու Ղրղզստանը: «Պետք է ոչինչ չձախողել և փորձել ավելի լավ կազմակերպվել»,-ասել է Շուվալովը, հայտնում է Riasv.ru-ն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունները:

Դեռևս նախորդ տարի Ղազախստանում ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք ենթադրում են Եվրասիական Կենտրոնական բանկի ստեղծում մինչև 2025 թվականը և միասնական արժույթի ներմուծում Բելառուսի, ՌԴ և Ղազախստանի համար: «Սակայն արտաքին քաղաքական իրավիճակը, հավանաբար, ազդեց տնտեսական որոշումների վրա և Ռուսաստանի նախագահը որոշեց արագացնել գործընթացը»,-կարծում է «Ալպարի» վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ռազուվաևը: Միասնական եվրասիական արժույթի աշխատանքային անվանումն ալտին է: Այս տարբերակի մասին հայտարարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Սակայն, ըստ ԶԼՄ-ների, կա նաև մեկ այլ անվանում, որ քննարկվում է՝ եվրազ:

Մարտի 20-ին Աստանայում տեղի ունեցած Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պետք է ձեռնամուխ լինեն արժութային միության ստեղծման շուրջ բանակցություններին: «Կարծում եմ, ժամանակն է խոսել հեռանկարում արժութային միության ձևավորման մասին»,-ասել է Պուտինը՝ անդրադառնալով մոնետար քաղաքականության համակարգմանը: Ըստ նրա, «ուս ուսի աշխատելով» ավելի հեշտ է պաշտպանել ընդհանուր ֆինանսական շուկան: