1 ապրիլի 2015 - 12:49 AMT
Ամերիկյան Վերմոնտի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ընդունել

Ամերիկյան Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ միաձայն ընդունել է H.C.R. 86 բանաձևը՝ շարունակելով օգնել ցեղասպանությունների կանխարգելման շարժմանը և հիշատակի միջոցառումների օր սահմանելով մարդկության դեմ հանցագործության զոհերի համար, տեղեկացնում են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արևելյան շրջանի գրասենյակից:

Նահանգային օրենսդրի նիստին մասնակցել են ամերիկահայ գրողներ Քրիս Բոհջալյանը և Դանա Ուալռեթը, որոնց նախնիները Ցեղասպանությունը վերապրածներն են: Նրանք ներկայացրել իրենց ընտանիքների պատմությունը, Ցեղասպանության 8 փուլերը և թուրքական ժխտողականությունը:

«Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը Վերմոնդի օրենսդիրները ձայն տվեցին հավերժ լռեցված հազարավոր հայերի: Վերմոնտն այս կերպ օգնում է տարածել ճշմարտությունը անատոլիական հարթավայրում և սիրիական անապատում մեկ դար առաջ տեղի ունեցածի մասին, իջեցնել ժխտողականութան տոնը», -ասել է Քրիս Բոհջալյանը, իսկ Դանա ՈՒալռեթն ընդգծել է, որ Ցեղասպանությունը շարունակվում է, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտել փաստերը:

Վերմոնտ նահանգը Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է, երբ նահանգապետ Ջեյմս Դուգլասը 2004-ին ապրիլի 24-ը հռչակեց հայ նահատակների հիշատակի օր: ԱՄՆ 50 նահանգներից 43-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը: