1 ապրիլի 2015 - 17:51 AMT
ՀՀ օրհներգի ժամանակ անհարգալից վարք դրսևորած ադրբեջանցի սամբիստին կարող են զրկել մեդալից

Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի գավաթի առաջնության 62 կգ քաշային կարգում մրցանակների հանձնման արարողության ընթացքում ՀՀ օրհներգի հնչելու ժամանակ ցուցադրաբար անհարգալից վարք դրսևորելու հետևանքով ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբբասովը կարող է զրկվել մեդալից: Նա երրորդն էր, իսկ չեմպիոնը Հայաստանը ներկայացնող արցախցի Աշոտ Դանիելյանն է:

Սամբոյի համառուսական և եվրոպական ֆեդերացիաների նախագահ Սերգեյ Ելիսեևի համոզմամբ, նման քայլի համար սամբիստին անհրաժեշտ է որակազրկել, գրում է Sambo.ru-ն:

«Ես դատապարտում եմ այդ արարքը և անթույլատրելի եմ համարում մարզիկի համար: Առավել ևս, որ նա Ադրբեջանի ազգային հավաքականի անդամ է և ներկայացնում է իր երկիրն աշխարհի գավաթի պաշտոնական մրցաշարում: Դա մարզիկին վայել պահվածք չէ: Այդպիսի մարզիկն արժանի չէ լինել աշխարհի գավաթի մրցանակակիր: Կարծում եմ, որ մրցումների կանոնների և էթիկայի նման խախտումներ թույլ տված մարզիկը չպետք է շարունակի մասնակցությունը մրցումներին և պետք է զրկվի մեդալից: Միջազգային մրցաշարերին մարզիկի հետագա մասնակցության մասին որոշումը պետք է կայացնի Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն»,- ասել է Ելիսեևը:

Ավելի վաղը Ադրբեջանի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Յաղուբ Աբդուլաևն ադրբեջանականան լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ մարզիկն այդ պահին իրեն պարզապես վատ է զգացել: Բախտիյար Աբբասովը, սակայն հայտնել է, որ անհարգալից վարքը միտումնավոր էր՝ ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չի ունեցել, պարզապես չի ցանկացել հարգել ՀՀ օրհներգը: