13 ապրիլի 2015 - 15:10 AMT
Տիեզերական եկեղեցու վարդապետ. Ամենապատվավոր կոչումը, որ կարող է շնորհվել աստվածաբանին

Գրիգոր Նարեկացու մեծագույն ավանդը քրիստոնեական կրոնի ու համաշխարհային մշակույթի մեջ արժանվույնս գնահատվեց ապրիլի 12-ին Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու ուսուցիչ, վարդապետ` պատվավոր մի կոչում, որը կաթոլիկ եկեղեցին շնորհում է վաստակավոր աստվածաբաններին:

Եկեղեցու ուսուցչի կոչումը շնորհվում է 1298 թվականից, տիտղոսը շնորհվում է Հռոմի պապի կողմից միջնադարից ի վեր աստվածաբաններին՝ եկեղեցուն առանձնահատուկ ծառայություններ մատուցելու կամ սրբության համար` առաքինի կյանքով ու վարքով հռչակված անձնավորություններին: Princeps philosophorum «փիլիսոփաների արքայազնն» է համարվում 13-րդ դարի աստվածաբան ու փիլիսոփա Թովմա Աքվինացին: Աքվինացին համարվում է կաթոլիկ եկեղեցու հայր, հորջորջվել է որպես՝ Doctor Angelicus, Doctor Universalis, («փիլիսոփաների արքայազն»), փիլիսոփայական ուղղության հիմնադիր: 1879-ից նա ճանաչվել է ամենահեղինակավոր կաթոլիկ կրոնական փիլիսոփան, որը կապել է կաթոլիկ եկեղեցու դավանաբանությունը (մասնավորապես, Օգոստինոս Երանելու գաղափարները) Արիստոտելի փիլիսոփայության հետ։

Վաղ միջնադարում եկեղեցու ուսուցչի բարձր տիտղոսին արժանացել է Հնագույն Արևմտյան եկեղեցու միայն 4 ներկայացուցիչ. Հռոմի պապ Գրիգորիս Առաջինը, Ամբրոսիոս Մեդիոլանացին, Օգոստինոս Ավրելիոսը ու Իերոնիմոս Ստրիդոնացին: Հին Արևելյան եկեղեցում, որին պատկանում է Գրիգոր Նարեկացին, այն ժամանակ պատվավոր կոչման են արժանացել Սբ Հովհաննես Ոսկեբերանը, Վասիլի Մեծն ու Գրիգորիս Աստվածաբանը:

Նրանք համարվում են եկեղեցու հայրեր: Եկեղեցու հայրեր են համարվում այն առաքինի անձնավորությունները, որոնք եկեղեցու կողմից դասվել են սրբերի կարգը և ճանաչվել իբրև հավատի հիմնական սկզբունքների ճշմարիտ և ուղղափառ երաշխավորներ, Սուրբ Գրքի հեղինակավոր մեկնիչներ ու ավանդապահներ, եկեղեցու ծառայությանը նվիրված և եկեղեցական նվիրապետության պատասխանատու դեմքեր: Կաթոլիկները այս ամենին հավելում են նաև վաղեմությունը: Ավելի ուշ Հռոմի կաթոլիկ եկեղեցին մշտապես ընդլայնել է ցուցակը` «ուսուցչի» տիտղոս շնորհելով ավելի քան 20 աստվածաբանի: Այժմ Եկեղեցու ուսուցիչների ընդհանուր ցանկը 36 անունից է բաղկացած:

Եկեղեցու ուսուցչի տիտղոսը շնորհում է Սրբերի սրբադասման կոնգրեգացիան: Համաձայնություն պետք է տան բոլոր աստվածաբանները Կոնգրեգացիայի լիագումար նիստում, ինչպես նաև բոլոր կարդինալները:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել: Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է հենց Հռոմի պապը:

Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել: Պատարագն ուղիղ հեռարձակվել է:

Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։