14 ապրիլի 2015 - 10:54 AMT
Շեր. Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը

Ամերիկահայ երգչուհի Շերը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

«Զայրույթ չեմ զգում և չեմ ցանկանում մեղադրել Թուրքիայի ժողովրդին մի բանի համար, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ, բայց կարծում եմ, որ այդ երկրի Կառավարությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- գրել է երգչուհին:

Ավելի վաղ, 2014-ի մարտին Շերն իր բողոքի ձայնը բարձրացրեց Քեսաբի իրադարձությունների ժամանակ, միանալով Save Kassab քարոզարշավին:

2014-ի մարտին Քեսաբում ողբերգական իրադարձություններ ծավալվեցին: Թուրքական կողմը՝ խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծեց հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացեց ապստամբների համար, որպեսզի նրանք գրավեն հայաբնակ շրջանը: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ:

1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո Շերն այցելեց Հայաստան: Տարիներ անց նա այսպես նկարագրեց իր տպավորություններն այդ այցից՝ «Ես եղա Հայաստանում: Այնտեղի մարդիկ շատ նման են ինձ: Դա ամենահարազատն է այն ամենից, ինչ ես ունեմ»,-հայտարարել է Շերը:

Հայտնի ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) այն սակավաթիվ դերասաններից է, որոնք արժանացել են բոլոր մրցանակներին՝ «Օսկարի», «Գռեմմիի», «Էմմիի» և 3 «Ոսկե գլոբուսի»՝ կինոյում, երաժշտական և հեռուստատեսային ասպարեզում ունեցած նվաճումների համար:

Նրա կարիերան սկսվեց, երբ նա ընդամենը 17 տարեկան էր: 1965թ. Շերը The Sonny and Cher դուետի կազմում ձայնագրեց «I Got You Babe» երգը: 1984թ. նա արժանացավ «Օսկարի» Silkwood ֆիլմում «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար»: 1985թ. «Mask» ֆիլմը բերեց նրան Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղը», իսկ «Moonstruck» ֆիլմի համար նա «Օսկար» ստացավ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում: Եռամյա ընդմիջումից հետո Շերը վերադարձավ բեմ 2008թ. Սիզար-Պալասում, որտեղ հանդես էր գալիս Cher At The Colosseum շոուի ներկայացմամբ:

50-ամյա կարիերայի ընթացքում նա դարձավ փոփ-մշակույթի կուռքերից մեկը: Նա հայտնի է որպես առավելագույն քանակով ձայնագրություններ վաճառած երաժիշտներից մեկը: Ինչպես նշում է Times Live-ը, «Մադոննայից և Լեդի Գագայից առաջ ամերիկյան շոու-բիզնեսում կար Շերը»: