15 ապրիլի 2015 - 15:29 AMT
Ուորլիք. Կողմերը պետք է բանակցություններ սկսեն, որոնք կհանգեցնեն Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ համաձայնության

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հորդորել է ղարաբաղյան հակամարտության կողմերին կատարել պայմանավորվածությունները: «Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կատարեն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Փարիզի գագաթնաժողովում, առավել ինտենսիվ բանակցեն, ինչպես նաև խստորեն պահպանեն հրադադարի ռեժիմը»,-հայտաարրել է Ուորլիքը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը:

Ուորլիքը նշել է նաև, որ կողմերը պետք է բանակցություններ սկսեն, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնության: «ԵԱՀԿ ՄԽ-ն հավատարիմ է կողմերի հետ աշխատանքին հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քաղաքական կամք գտնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման համար»,-ասել է նա:

Ըստ նրա, համանախագահները շարունակում են սերտ համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ բանակցություններում առաջընթացի հասնելու նպատակով, ինչպես նաև նախապատրաստում են նախագահների տարեվերջին կայանալիք հանդիպումը:

Դիվանագետն ասել է նաև, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հստակեցնում է տարածաշրջան համանախագահների հաջորդ այցի ժամկետները:

Ավելի վաղ ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան մայիս-հունիսին:

Պոպովը հիշեցրել է, որ վերջին այցը տարածաշրջան եղել է փետրվարին: «Հերթական այցը նախատեսվում է մայիս-հունիսին: Այդ նպատակով մենք հաջորդ ամիս կհանդիպենք և կքննարկենք ժամկետները: Այցի հստակ ժամկետը դեռ որոշված չէ», ասել է նա, հայտնում է ԱՊԱ-ն:

Դիվանագետը նշել է նաև, որ նրանք աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման օրակարգի նախապատրաստման վրա: «Անշուշտ, մենք մտադիր ենք նախագահների հանդիպում կազմակերպել: Մինչ այդ կկայանա ԱԳ նախարարների հանդիպումը և կքննարկվեն նախագահների բանակացությունների նախապատրաստական հարցերը: Այս ամենը համանախագահները կքննարկեն հաջորդ ամիս կայանալիք հանդիպմանը»:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ հանդիպել են Փարիզում 2014-ի հոկտեմբերի 27-ին: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները: Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար վերջին շրջանում արդեն երրորդն էր: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները: