15 ապրիլի 2015 - 16:08 AMT
Իրանը ռուսական С-300 ԶՀՀ-ները կստանա արդեն ընթացիկ տարում և կհրաժարվի ՌԴ դեմ հայցից

Իրանը ռուսական արտադրության զենիթահրթիռային համակարգերը (ԶՀՀ) կստանա արդեն ընթացիկ տարում: Այս մասին լրագրողներին է հայտնել Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեյն Դեհգանը Մոսկվա մեկնելուց առաջ:

«Մոսկվա այցելության ժամանակ ես պայմանագիր կկնքեմ, որի համաձայն Ռուսաստանը համալիրները կառաքի Իրան»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ապրիլի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որով հանվեց Իրանին С-300 ԶՀՀ-ների մատակարարման արգելքը:

«Հրամանագիրը հանում է ՌԴ տարածքով դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն С-300 ԶՀՀ-ների տարանցման (այդ թվում նաև օդային տրանսպորտով), ինչպես նաև առաքման արգելքը»,-ասվում է փաստաթղթում: Փաստաթղթով փոփոխություններ են կատարվում 2010 թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրում «ՄԱԿ ԱԽ 2010 թ. հունիսի 9-ի թիվ 1929 բանաձևի կատարման միջոցների մասին», հանելով С-300 ԶՀՀ-ներին վերաբերող ենթակետը:

Մինչդեռ, Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամհանը հայտարարել է, որ Իրանը կհրաժարվի Ռուսաստանին ներկայացրած հայցից, հենց որ համակարգերը տեղում լինեն: «Հուսով եմ, որ С-300 ԶՀՀ-ները կառաքվեն մինչև տարեվերջ»,-հայտարարել է Շամհանը Մոսկվայում ՇՀԿ երկրների անվտանգության խորհրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը:

«Բնականաբար, հենց որ համակարգերը հասցվեն Իրան, հայցը կդադարեցվի»,-ասել է նա:

С-300 ԶՀՀ-ների մատակարարման 2007 թ. ռուս-իրանական պայմանագրի իրականացումը կասեցվեց ՄԱԿ կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով 2010-ի սեպտեմբերին: Ավելի ուշ Թեհրանը վիճարկեց այդ որոշումը դատարանով: ՌԴ ՊՆ ղեկավար Շոյգուի հունվարին Իրան կատարած այցի արդյունքում ԱՄՆ պետդեպարտամենտում հերթական անգամ հայտարարեցին, որ ռուսական С-300 ԶՀՀ համակարգերի առաքումն Իրան անընդունելի է: