6 սեպտեմբերի 2006 - 18:59 AMT
Վարդան Օսկանյանը հանդիպել է Սիրիայի հոգեւոր առաջնորդի հետ
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթի շեյխ Ահմադ Բադր Ալ-Դին Հասունի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բարձր գնահատելով Սիրիայի մուֆթիի այցը Հայաստան` նախարար Օսկանյանը այն համարեց Հայաստանի եւ Սիրիայի ժողովուրդների բարեկամության եւ երկու կրոնների երկխոսության վկայություն:

Ընդգծելով երկու երկրների հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերը հաստատեցին Հայաստանի եւ Սիրիայի միջեւ քաղաքական տարաձայնությունների բացակայությունը, ինչը լավ հիմք է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման համար: Իր հերթին, Սիրիայի հոգեւոր առաջնորդը ջերմությամբ խոսեց երկու ժողովուրդների բարեկամական կապերի, պետությունների համագործակցության մասին: Կարեւորվեց Սիրիայում հայ համայնքի դերակատարությունը, վերջինիս նշանակալի ներդրումը երկրների զարգացման գործում: Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային հարցեր` անդրադարձ կատարելով Լիբանանում ստեղծված իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքին: