16 ապրիլի 2015 - 10:33 AMT
Թուրքիան հերթական անգամ սպառնում է հարաբերությունների վատթարացմամբ` այս անգամ Եվրախորհրդարանին

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ:

«Եվրախորհրդարանի միակողմանի մոտեցումը 1915 թվականի իրադարձությունների գնահատմանը կարող է նսպատել Թուրքիայի և ԵՄ հարաբերությունների վատթարացմանը: Դա ամենևին չի նպաստում Թուրքիայի ու Հայաստանի միջև առկա խնդիրների լուծմանը»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Թուրքիան մեղադրոմ է Եվրախորհրդարանին Թուրքիայի և ԵՄ միջև հարաբերությունների զարգացմանը խոչընդոտելու և «1915 թ,. իրադարձությունների պատմությունը հերթական անգամ սրբագրելու մեջ»: «Այդ ձգտումը վերածվեց 2015 թ. ապրիլի 15-ի բանաձևի անհեթեթ տեքստի, որը տառացիորեն կրկնում է հայկական քարոզչության հակաթուրքական դարձվածքները: Ընդունելով բանաձևը` Եվրախորհրդարանը կրկնում է անցյալի իր սխալը, որն անհամատեղելի է միջազգային իրավունքի հետ և գերազանցում է իր լիազորությունները»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ըստ ԱԳՆ հայտարարության, Անկարան «լուրջ չի ընկալում նրանց, ով ընդունել է բանաձևը», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» վերաբերյալ բանաձևը: Ընդունված փաստաթուղթը հաստատում է 1987 թվականի՝ Ցեղասպանությունը փաստող բանաձևի դրույթներն ու կոչ անում Թուրքիային ճանաչել այն: Քվերակության արդյունքների հրապարակումից հետո դահլիճում ծափահարություններ են հնչել:

Այն առաջարկում և հանձնարարում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: Սա Եվրոպական խորհրդարանի ընդունած երրորդ փաստաթուղթն է, որը ճանաչում է 1915 թվականին Օսմանյան կայսրության կառավարության կանխամտածած և իրականացրած՝ 1.5 մլն հայերի ցեղասպանությունը:

Եվրախորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը դեռ 1987 թվականին։ 2015 թվականի մարտի 13–ի մեկ այլ բանաձևով Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ անդամ երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։