20 ապրիլի 2015 - 19:55 AMT
Մերկելի խոսնակ. Գերմանիայի կառավարությունը Ցեղասպանության մասին կգործածի «ցեղասպանություն» եզրը

Գերմանիայի կառավարությունը շրջադարձ կկատարի Հայոց ցեղասպանության առնչությամբ հենց «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու իր տևական դիրքորոշումից, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Անգելա Մերկելի խոսնակին:

Ըստ աղբյուրի` դա հնարավոր է խորհրդարանում Գերմանիայի դիրքորոշմանը դեմ գործիչների ճնշման ներքո: Կանցլեր Մերկելի խոսնակ Շտեֆան Զիբերթի խոսքով` կառավարությունը կսատարի բանաձևը, որը կներկայացվի ուրբաթ օրը, և որով Հայոց ցեղասպանությունը կանվանվի ցեղասպանության օրինակ, գրում է Tert.am-ը:

Այս կերպ, նկատում է աղբյուրը, Գերմանիան կմիանա այն երկրների, կազմակերպությունների ու անհատների թվին, որոնց թվում են Ֆրանսիան, Եվրախորհրդարանը, Հոռմի պապը, որոնք կատարվածը ցեղասպանություն են որակում: Այս կերպ Գերմանիան «շրջադարձ» կկատարի` իր գլխավոր առևտրային գործընկեր Թուրքիայի նկատմամբ հարաբերություններից, Գերմանիան, որտեղ նաև միլիոնավոր թուրքեր են բնակվում:

Միևնույն ժամանակ՝ աղբյուրը հիշեցնում է, որ կիրակի օրը ARD TV-ին տված հարցազրույցում Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ - Ուոլթեր Շթայնմայերը խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից` Թուրքիային «չնեղացնելու» համար:

Ապրիլի 24-ին ընդառաջ Գերմանիայի դաշնային խորհրդարանում «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու շուրջ վեճերն ակտիվացել են: Հայերի տեղահանության ու կոտորածների 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի խորհրդարանում քննարկում է կայացել,որին անդրադառնալով Բեռլինում լույս տեսնող Tagesspiegel թերթը գրում է՝ ընդդիմադիր «ձախերի» ու «կանաչների» կուսակցությունները կողմ են «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն, սակայն կառավարությունն ու կոալիցիոն կուսակցություններն այդ նախաձեռնությանը դրական չեն ընդունում: