21 ապրիլի 2015 - 17:32 AMT
Վրաստանում ՀՀ քաղաքացիների կացության իրավունքի խնդիրը լուծվել է

Վրաստանում Հայաստանի քաղաքացիների կացության իրավունքի խնդիրը լուծվել է, հայտարարել է այդ երկրի արդարադատության նախարարության Հանրային ծառայությունների զարգացման գործակալության Ախալքալաքի բաժնի պետ Ռուբեն Պալյանը Երևան-Թբիլիսի հեռուստակամուրջի ընացքում:

Նա հիշեցրել է, որ 2014-ի սեպտեմբերի 1-ից Վրաստանում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է միաժամանակ վրացական և արտասահմանյան անձնագրերի շրջանառությունը:

«Այդ ամենը ժամանակին մարդկանց բացատրել են, զգուշացրել են հնարավոր խնդիրների մասին։ Արդարադատության նախարարը տեղում կարողացել է լուծել անհրաժեշտ հարցերը, և Հայաստանի քաղաքացիներին կացության իրավունքի տրամադրումը հարթվել է»,- նշել է Պալյանը, Apsny.ge-ին հղումով գրում է Tert.am-ը:

Պալյանը նաև հավելել է, որ Ախալքալաքում նախատեսվում է նոր Արդարադատության տուն կառուցել՝ տարածաշրջանի բնակիչներին ազատելով փաստաթղթեր ներկայացնելու համար Թբիլիսի մեկնելու անհրաժեշտությունից:

2014-ի սեպտեմբերի 1-ից մինչ այսօր Ջավախքի հայերի կողմից ժամանակավոր կացության 3.149 դիմում է ներկայացվել, որից մերժվել է 23-ը՝ հիմնականում փաստաթղթերի և օրենքի չիմացության խնդիրների պատճառով: