23 ապրիլի 2015 - 10:03 AMT
Պուտին. Հայերի ողբերգությունը ՌԴ-ում միշտ ընկալվել է որպես սեփական ցավ ու դժբախտություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել «Աշխարհն առանց ցեղասպանությունների» հուշ երեկոյի մասնակիցներին, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքէջը: Ուղերձում մասնավորապես ասված է.

«1915-ի ապրիլի 24-ը սգո ամսաթիվ է, որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի ու ողբերգական իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հետ:

Հարյուր տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում մշտապես ընկալվել է որպես սեփական ցավ ու դժբախտություն:

Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է օբյեկտիվ ու հետևողական. ազգային պատկանելության հողի վրա զանգվածայինն սպանությունները չեն կարող արդարացում ունենալ: Միջազգային հանրությունը կոչված է ամեն ինչ անելու, որպեսզի նման ոճրագործությունները երբեք և ոչ մի տեղ չկրկնվեն: Հայերի ու տարածաշրջանի այլ ազգերի նոր սերունդները պետք է ապրեն հաշտ ու խաղաղ՝ զերծ մնալով սարսափներից, որոնց պատճառ են դառնում կրոնական ատելությունը, ագրեսիվ ազգայնականությունն ու այլատյացությունը:

Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում ապրող բոլոր հայերին մաղթում եմ ամենայն բարիք, խաղաղություն և բարգավաճում: Հավերժ հիշատակ զոհվածներին»: