23 ապրիլի 2015 - 19:54 AMT
Հայոց ցեղասապանության 1.5 մլն զոհերը սրբադասվեցին

Հայոց ցեղասապանության նահատակները սրբադասվեցին. Մայր Աթոռ Սբ Էջմիածնում արարողությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի նախագահությամբ էր, մասնակցում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստան ժամանած քրիստոնեական եկեղեցիների հովվապետեր ու պաշտոնական պատվիրակություններ:

Հայոց ցեղասապանության նահատակների սրբադասման արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը և քաղաքական ու մշակութային գործիչներ:

Արարողության ընթացքում կատարվել է հատուկ ընտրված նոր շարականը, օծվել են սրբապատկերները, կատարվել է մասունքների առջև խոնարհման կարգը:

Արարողության ավարտին հայտարարավել է լռության րոպե և աշխարհի եկեղեցիներում հնչել է 100 զանգ` հիշեցնելով արդարության և ճշմարտության մասին:

Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր է սահմանվել ապրիլի 24-ը և այսուհետ հոգեհանգստյան կարգի փոխարեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կարգ է մատուցվելու:

Եկեղեցին Ցեղասապանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1.5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկել են հանուն հավատքի և հայրենիքի:

Այսօր Հայ Եկեղեցու սրբերի թիվը շուրջ 700 է, իսկ ըստ Տոնացույցի տոնելի սրբերի թիվը հասնում է 400-ի։ Հիշատակելի սրբերի հնագույն խումբն Աստվածաշնչյան սրբերն են (նահապետներ, մարգարեներ, առաքյալներ)։ Մյուս տոնելի խումբը համաքրիստոնեական սրբերն են, որոնց ընդհանուր թիվը կազմում է 189: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցայսօր անփոփոխ կերպով տոնակատարում է 63 հայ սրբերի հիշատակը:

Հայ եկեղեցու ամենահայտնի սրբերից են առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ով նաև համաքրիստոնեական սուրբ է համարվում, 5-րդ դարում հանուն հավատքի և հայրենիքի նահատակված Սբ Վարդանանք, Սբ Գրիգոր Նարեկացին (10-րդ դար), Սբ Ներսես Շնորհալի կաթողիկոսը (12-րդ դար) և այլք: Պատմության ընթացքում, սակայն, Հայ Եկեղեցու սրբադասման կամ սրբերի կանոնականացման հատուկ գործընթաց չի պահպանվել:

Ըստ ավանդության`հայազգի առաջին սուրբը հանուն հավատքի նահատակված Սանդուխտ կույսն է, ով հայոց Սանատրուկ արքայի դուստրն էր (1-ին դար): Վերջին տոնելի սրբերը, ովքեր ընդգրկվել են հայոց տոնացույցում, Սուրբ Հովհան Որոտնեցի և Սուրբ Գրիգոր Տաթևացի վարդապետներն են (15-րդ դար)։ Ավելի ուշ՝ 18-րդ դարում, Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի հայրապետական սրբատառ կոնդակով` Հայ Եկեղեցու Սուրբ Պատարագի արարողության ժամանակ հիշատակվում է Մովսես Գ Տաթևացի հայրապետի (17-րդ դար) անունը:

Կարդացեք նաև՝ «100 ղողանջ»՝ 400 տարի անց. Ակունքներից մինչև Ցեղասպանության զոհերի սրբադասում