24 ապրիլի 2015 - 18:30 AMT
Ուկրաինայի ՆԳՆ նախարար. Հայոց ցեղասպանությունը չսերտած դաս է ողջ մարդկության համար

Ուկրաինայի ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովը հիշատակել է Հայոց ցեղասպանությունը և նշել, որ հարյուր տարի անց հանցագործության դատապարտումն անհրաժեշտություն է, որպեսզի այլևս նման ողբերգություններ չկրկնվեն: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում, հայտնում է Tert.am-ը:

«Ամեն տարի նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Այս օրը՝ ողբերգական դեպքերի հարյուրամյա տարելիցի օրը, Եվրախորհրդարանը ցեղասպանության զոհերի հիշատակի եվրոպական օր է հռչակել: Եվրոպան հիշատակում է մեկուկես միլիոն սպանվածների, տանջվածների, սովից մահացած մարդկանց, որոնց միակ մեղքը մարդասպանների առաջ եղել է «սխալ» ազգությունը և «սխալ» հավատը: Դա եղել է մանրամասն մտածված և պլանավորված սպանություն, որը տևել է երկու տասնամյակ»,- գրել է Ավակովը:

Նախարարի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը մեկ ժողովրդի ողբերգություն չէ: «Դա սարսափելի, և, ցավոք, չսերտած դաս է ողջ մարդկության համար: Մինչ այժմ ոչ մի երկիր և ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ ողբերգության կրկնությունից»,- գրել է Ավակովը՝ հիշեցնելով, որ ՄԱԿ-ի կողմից ճանաչված վերջին ցեղասպանությունը կատարվել է բոլորովին վերջերս՝ 1995 թվականին:

«Հենց այդ պատճառով է այդքան կարևոր պետական մակարդակով ճանաչել հայերի ցեղասպանությունը: Գոնե հարյուր տարի անց դատապարտել հանցագործությունը, ամրագրել ցանկացած հակամարտությունների և վեճերի՝ նման «լուծման» անթույլատրելիությունը, ստանձնել քաղաքական պարտավորություններ»,- գրել է Ավակովը:

Նա հիշեցրել է, որ Ուկրաինան դեպի Եվրամիություն իր ճանապարհը ձեռք է բերել «Երկնային հարյուրյակի» արյամբ: «Մահացածներից առաջինն Ուկրաինայի հայրենասեր որդի Սերգեյ Նիգոյանն էր: Երկրի արևելքում դիմակայելով ագրեսիային, պայքարելով սեփական երկրի՝ Ուկրաինայի համար՝ Զինված ուժերում, Ազգային գվարդիայում, Ներքին գործերի նախարարությունում, կամավորական ջոկատներում զոհվել են ուկրաինացի հայեր: Նրանք 52-ն են: Ուկրաինացի հայտնի պոետ Լինա Կոստենկոն հիանալի բանաստեղծություն է գրել՝ «Ցավդ տանեմ»: Եկեք և մենք մեզ վրա վերցնենք հայ ժողովրդի ցավը, որպեսզի հիշողության միջոցով ողբերգությունը երբեք չկրկնվի: Այսօր Ուկրաինայի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է ցեղասպանության ժամանակ զոհված հայերի հիշատակը: Ցավդ տանեմ»,- գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարը: