25 ապրիլի 2015 - 13:22 AMT
Եվրոպական շարժումը միաձայն բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության մասին

Միջազգային եվրոպական շարժումը, որը եվրոպական ինտեգրացիային նպաստող համաեվրոպական կազմակերպություն է, ապրիլի 24-25-ին Ռիգայում ընթացող իր Գլխավոր վեհաժողովի նիստին միաձայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել: Այս փաստաթղթով Եվրոպական շարժումը «իր ձայնով միանում է ավելի քան 20 պետություններին, մի շարք միջազգային կազմակերպություններին և կառույցներին , այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանին (1987թ. և 2015թ.), Եվրոպայի խորհրդին (2001թ.) և Եվրանեսթ ԽՎ-ին (2015թ.), որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»:

Բանաձևը համահեղինակել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը (ՀԵԲ ) «Հայաստանի եվրոպական շարժման» հետ, հայտնում է Tert.am-ը:

ՀԵԲ տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան մեկնաբանել է.«Եվրոպական շարժումը կարևոր եվրոպական կազմակերպություն է՝ մոտ 70 տարվա հիանալի պատմությամբ: Մենք շատ շնորհակալ ենք, որ այս կազմակերպությունը, որը եվրոպական արժեքների խրախուսման և ԵՄ-ի կայացման առաջամարտիկներից է, միացավ բազմաթիվ ուրիշների, ովքեր այս առանձնահատուկ տարվա ընթացքում հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»:

Բանաձևում Եվրոպական շարժումը «դատապարտում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների բոլոր ձևերը և խստորեն դատապարտում դրանց ժխտողականությունը», ինչպես նաև «հույս է հայտնում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից կուղեկցվի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցմամբ»:

«Հայաստանի եվրոպական շարժման» նախագահ Վիկտոր Ենգիբարյանը հավելել է. «Եվրոպական շարժման կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է նպաստի տարածաշրջանում անվտանգության հաստատմանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Հայաստանի եվրոպական շարժման» համար պատիվ և պարտականություն է այս գործընթացի մասը կազմել»:

Միջազգային եվրոպական շարժումը համաեվրոպական կազմակերպություն է, որը հիմնվել է 1948թ.-ին: Կազմակերպության քարտուղարությունը գտնվում է Բրյուսելում: Շարժումը կազմված է 33 ազգային ներկայացուցչություններից տարբեր եվրոպական երկրներից, ինչպես նաև 22 միջազգային ասոցիացիաներից: Դրանց թվում են եվրոպական կուսակցություններ, ներառյալ` 3 ամենամեծ համաեվրոպական կուսակցությունները, և երիտասարդական կազմակերպություններ, ներառյալ` Երիտասարդ եվրոպացի ֆեդերալիստները (ԵԵՖ) և Եվրոպացի ուսանողների ֆորումը (AEGEE): Շարժման հիմնական նպատակը եվրոպական արժեքներին և եվրոպական ինտեգրացիային նպաստելն է: ՀԵԲ-ը Միջազգային եվրոպական շարժման ասոցացված անդամ է:

Եվրոպական շարժմանն անդամակցել են բազմաթիվ նշանավոր քաղաքական գործիչներ`Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը և Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ՛ Էստենը եղել են շարժման նախագահներից:

Եվրոպական շարժման մեծագույն ձեռքբերումներից է Եվրոպայի խորհրդի ստեղծումը և հեղինակավոր Եվրոպայի քոլեջ-համալսարանի հիմնադրումը: