27 ապրիլի 2015 - 11:59 AMT
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներ են անցել չինական Նանկինում և Շանհայում

Չինաստանի Հայերի միությունն ապրիլի 24-ին և 25-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններ է առաջարկել Չինաստանի Նանկին և Շանհայ քաղաքներում: Հիշատակի հիմնական միջոցառումները կազմակերպվել էին Նանկինում:

Նանկինն ընտրվել էր որպես Ցեղասպանության հիշատակի արարողությունների կենտրոն, քանի որ 1937 թվականին այդ քաղաքում ճապոնացիները 300 հազար չինացիների սպանեցին, և այդ իմաստով ընդհանուր վիշտը համախմբում է հայերին ու չինացիներին: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում, այս դեպքում ևս հանցագործության կազմակերպիչները չեն ճանաչում իրենց մեղքը:

1937թ. դեկտեմբերին ճապոնա-չինական պատերազմի ժամանակ Ճապոնիայի կայսերական բանակի զինվորները բազում խաղաղ բնակիչների սպանեցին Նանկինում, որն այն ժամանակ Չինաստանի Հանրապետության մայրաքաղաքն էր:

2007-ին հրապարակվեցին միջազգային բարեգործական կազմակերպություններից մեկի փաստաթղթերը, որն աշխատում էր Նանկինում պատերազմի ժամանակ: Այդ փաստաթղթերը, ինչպես նաև ճապոնական զորքերից առգրավված գրությունները, վկայում են, որ ճապոնացի զինվորները մոտ 200 000 չինացի քաղաքացիական անձանց ու զինվորականների են սպանել, ևս առնվազն 150 000 մարդ է սպանվել Նանկինում հայտնի կոտորածի ժամանակ: Զոհերի առավելագույն թիվը, ըստ որոշ գնահատականների, հասնում է 500 000-ի: