28 ապրիլի 2015 - 16:48 AMT
Հայաստանի շախմատի հավաքականը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծաղկաձորում ավարտվեց շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը: 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը Եգիպտոսին հաղթեց 2.5:1.5 հաշվով:

Լեւոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակներ տարան, Հրանտ Մելքումյանը պարտիան ավարտեց ոչ ոքի, իսկ Սերգեյ Մովսեսյանը պարտվեց մրցակցին, հայտնում է Tert.am-ը:

Հայաստանի հավաքականը 11 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալները: Աշխարհի առաջնության չեմպիոն դարձավ Չինաստանը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց Ուկրաինան:

Հայաստանը 5-րդ անգամ է դառնում աշխարհի առաջնության մեդալակիր: Ավելի վաղ հավաքականը երեք անգամ նվաճել էր բրոնզե մեդալներ (1997, 2001, 2005թթ.), իսկ 2011 թվականին դարձել էր աշխարհի չեմպիոն:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երեք անգամ նվաճել է Օլիմպիադայի ոսկե մեդալները: Առաջին անգամ հայ շախմատիստները Օլիմպիադայում պատվո հարթակի առաջին աստիճանին են կանգնել 2006 թվականին Թուրինում, երկրորդ անգամ` 2008-ին, երրորդ անգամ` 2012-ին Ստամբուլում: