Իրաքյան Քրդստանի խորհրդարանում ազգությամբ հայ պատգամավոր Երվանդ Նիսանը Հայոց ցեղասպանության ճանաչման համար օրենքի նախագիծ է ներկայացրել: Ըստ թուրքական «Haberdiyarbakir» լրատվական կայքի, հայ պատգամավորի առաջարկի տակ ստորագրել է շուրջ 40 պատգամավոր: Խորհրդարան ներկայացված նախագիծն առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը պաշտոնապես հիշատակի օր հռչակել, հայտնում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ «Քրդստանի հայրենասերների միությունը» աջակցել է հայ պատգամավորի նախաձեռնությանը, որին միացել են նաև պատգամավորներ Քրդստանի ժողովրդավարական» կուսակցությունից:
Թուրքիայի հարցերի մասնագետ Բեյար Մուստաֆան ասել է, որ նմանատիպ բանաձևի ընդունումը, անգամ դրա քննարկումը մեծ վնաս կհասցնի Էրբիլ-Անկարա հարաբերությունների վրա:
Քրդստանի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Մուհամմեդ Ամիր Դերշևին ընդգծել է, որ բոլորը գիտեն Հայոց ցեղասպանության մասին: «Ժամանակին Բարզանիները և այլ աշիրեթներ Թուրքիայում հայերի սպանությունների մասին խոսել են: Սակայն այս շրջանում Քրդստանում այսպիսի քայլ անելը հեշտ չէ: Քրդստանի խորհրդարանը պետք է նախաձեռնությունն իր վրա վերցնի»,- ասել է պատգամավորը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը մտադիր է գլխավոր հյուպատոսություն հիմնել Էրբիլում, իսկ մինչ այդ Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին ստորագրեց լեզվի մասին օրինագիծը, որով քրդերենից և արաբերենից բացի հայերենը, թուրքմեներենը և ասորերենը դառնում են պաշտոնական լեզու:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 7-ին Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանիին:
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Քրդստանի ինքնավարության միջև կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին ողջունեց Էրբիլում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Հայաստանի որոշումը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի համագործակցության ընդլայնմանը։
Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական փոխգործակցության խորացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը։ Նախագահ Բարզանին և նախարար Նալբանդյանը համակարծիք էին, որ Էրբիլի և Երևանի միջև ուղիղ չվերթի մոտալուտ մեկնարկը նոր լիցք կհաղորդի գործարար կապերին։
Իրաքյան Քրդստանի առաջնորդը Հայաստանի արտգործնախարարին հանգամանալից ներկայացրեց ահաբեկիչների գործողությունների արդյունքում Իրաքի հյուսիսում ստեղծված իրավիճակը և ահաբեկչական խմբավորումների դեմ փեշմերգայի կողմից իրականացվող պայքարը։ Այս առումով նախարար Նալբանդյանը կարևորեց Իրաքի հյուսիսում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների, մասնավորապես՝ եզդիների անվտանգության ապահովումը, և վերահաստատեց Հայաստանի համերաշխությունը ծայրահեղականների դեմ միջազգային հավաքական ջանքերին: