Նեպալում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 7,3 հազարի, մայիսի 4-ին հայտնել է Նեպալի ոստիկանությունը: Ավելի վաղ, իշխանությունները հաստատել էին 7 240 զոհի առկայությոնը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Ոստիկանության վերջին տվյալներով, զոհվել է 7 365 մարդ, տուժել է 14 366-ը:
Ապրիլի 25-ին Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում և մոտակա խիտ բնակեցված արվարձաններում տեղի ունեցավ Ռիխտերի սանդղակով 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ավերածություններ կան քաղաքի կենտրոնում, այդ թվում քանդվել է Բհիմսենի աշտարակը:
Երկրաշարժի էպիկնետրոնը Կատմանդուից 70 կմ հերավարության վրա` դեպի հյուսիս-արևմուտք է: Ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում: Հատկապես բարդ է իրավիճակը Նյու Դելիում, ինչպես նաև երկրի հյուսիսում` Լաքհնաու քաղաքում և արևելքում` Պատնայում:
Մայիսի 4-ին նաև հայտնի դարձավ, որ փրկարարները շուրջ 100 դի են հայտնաբերել ձյունահյուսի տակ, որն առաջացել էր երկրաշարժի հետևանքով:
Ավելի վաղ հայտարարվել էր 50 լեռնագնացների դիակների հայտնաբերման մասին: «Տեղացի կամավորներն ու ոստիկանությունը բահերով փորում են ձյան 2-մետրանոց շերտը բոլոր մարմինները դուրս բերելու նպատակով »,-գրել էր Ռոյթերս գործակալությունը նահանգի ղեկավարի օգնական Գաուտամա Ռիմալայի վրա հղումով: Նրա խոսքերով, զոհվածների թվում կարող են նաև օտարերկրացիներ լինել:
Զոհվածների մարմինները հայտնաբերվեցին մայիսի 2-ին և 3-ին Լանգտանգ գյուղի մոտակայքում մայրաքաղաք Կատմանդուից 60 կմ հեռավորության վրա: Այս վայրը հայտնի է քայլարշավների սիրահարների շրջանում: Ներկայումս հայտնի չէ, թե որքան մարդ է եղել տեղանքում աղետի պահին, ըստ տեղի իշխանությունների մոտ 120 մարդ դեռ կարող է ձյան շերտի տակ լինել:
Ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ փրկարարները փլատակների տակից դեռահաս են հանել, որը 5 օր անցկացրել էր Կատմանդուի փլատակների տակ: «Ավերիչ երկրաշարժից 5 օր անց փրկարարները հայտնաբերել են ողջ մնացած 15 տարեկան մի տղայի»,-հայտնեց BBC-ին:
Ռուսաստանի ԱԻՆ ինքնաթիռները տարհանել են ՌԴ և այլ երկների քաղաքացիների, որոնք ցանկացել են հեռանալ Նեպալից: Ըստ Նեպալում ՌԴ դեսպանության, Նեպալից տարհանվածների թվում եղել են նաև Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Լատվիայի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացիներ:
Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության, Նեպալում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և հայեր չկան:
Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ առաջիկա ամիսներին ՄԱԿ-ը պարենային օգնություն կցուցաբերի Նեպալում երկրաշարժից տուժած մոտ 1,4 մլն մարդու, հայտնել է ՄԱԿ Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: Ինչպես ասվում է զեկույցում, ընդհանուր առմամբ երկրաշարժից տուժել է մոտ 8,1 մլն մարդ 75 շրջաններից 39-ում: «Համաշխարհային պարենային ծրագիրը մտադիր է օգնություն ցուցաբերել 1,4 մլն մարդու առաջիկա երեք ամսում»,-ասվում է զեկույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական Վալերի Ամոսը նախօրեին կարգադրել է 15 մլն դոլար հատկացնել ՄԱԿ արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամին, ինչը «թույլ կտա միջազգային հումանիտար կազմակերպություններին արագ գործունեություն ծավալել»:
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ երկրում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կա` սկսած անձնական հիգիենայի պարագաներից մինչև դեղորայք և վրաններ ու գեներատորներ: Մինչդեռ Նեպալի իշխանությունները դժգոհեցին, որ որոշ երկրներ անհրաժեշտ ցորենի ու վրանների փոխարեն մայոնեզ ու այլ ոչ այնքան անհրաժեշտ ապրանքներ են ուղարկում:
Նեպալի կառավարությունը ապրիլի 28-ին եռօրյա սուգ հայտարարեց ավերիչ երկրաշարժի զոհերի համար: Նեպալի կառավարությունում նշել են, որ վիրավորների և զոհվածների որոնողական աշխատանքներն ավելի շատ ժամանակ կպահանջեն, քան ակնկալվում էր սահմանափակ ռեսուրսների պատճառով: «Մենք պատրաստ չէինք նման մասշտաբի աղետի»,-հայտաարել է Նեպալի ներքին գործերի նախարար Բամ Դեվ Գաուտամը: