4 մայիսի 2015 - 14:10 AMT
Թաներ Աչքամ. ԱՄՆ իշխանություններն ընդունում են Ցեղասպանության փաստը

Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աչքամն իր հերթական հոդվածում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշմանը և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերի՝ Ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը մասնակցելուն։

Նա երկու նկար է ներկայացրել. առաջինում ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերն է՝ Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ընթացքում։ Իսկ մյուսը դրանից հետո կայացած ընդունելության ժամանակ է:

«Նա 2008 թվականից ի վեր Բարաք Օբամայի հետ է՝ նախ Ազգային անվտանգության խորհրդի անդամ էր, ապա 2013 թվականի օգոստոսից ի վեր ՄԱԿ-ում ներկայացնում է ԱՄՆ-ի կառավարությանը։ Այսինքն՝ Օբամայի վարչակազմի ամենաբարձր պաշտոնյաներից է։

Ցեղասպանության մասին նրա գիրքը մրցանակի է արժանացել։ Նա անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը և գրքում տեղ է հատկացրել նաև 1921 թվականին Բեռլինում Թալեաթ փաշային սպանած Սողոմոն Թեհլերյանի նկարին։ Ապրիլի 26-ին Սամանթա Փաուերը Սուրբ Վարդան եկեղեցում էր` մոտ երկու ժամ տևած պատարագի ամբողջ ընթացքում։ Դրանից հետո նա մասնակցեց նաև ընդունելությանը»։

Թաներ Աչքամը գրում է, որ նկարները Ցեղասպանության հարյուրամյակի տարում ԱՄՆ-ի կառավարության տեսակետը հասկանալու առումով շատ կարևոր են.

«Սամանթա Փաուերը պաշտոնյա է՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ն է ներկայացնում։ Կրոնական արարողության ժամանակ նա տեսախցիկների կենտրոնում էր։ Լրագրողներն ու շատ մարդիկ լուսանկարում էին նրան։ Արարողությանը գուցե անձնական ընտրությամբ է մասնակցել, սակայն անհնար է, որ նա առանց Սպիտակ տան թույլտվության մասնակցեր։ Եթե չցանկանային, չէր մասնակցի։

Դա ցույց է տալիս, թե ամերիկյան իշխանություններն ինչ են մտածում Ցեղասպանության վերաբերյալ։ Ցեղասպանություն լինելն ընդունում են, և ավելին՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հիշատակի միջոցառումներին մասնակցելն էլ ողջունում են»։

Աքչամը հավելում է՝ Փաուերի կեցվածքը ցույց է տալիս, որ այնտեղ կատակերգություն է տեղի ունենում։

«Ամենից առավել Թուրքիայի կառավարության կեցվածքից եմ տխրում և ցավում։ Ուղն ու ծուծով ցեղասպանությանը հավատացող մարդկանց մասին ասում են. «Այս տարի էլ հաջողացրինք ցեղասպանություն բառն ասել չտալ» և գլուխ են գովում, ինչն, իրոք, շատ տարօրինակ է։ Իրականությունից փախչելու է նման։ Երբ Փաուերին տեսա եկեղեցու արարողությանը, Թուրքիայի կառավարության անունից ամաչեցի։ Այդքան ստորանալու ի՞նչ կարիք կա»,- հոդվածը մեջբերում է Tert.am-ը։

Թուրք պատմագիր, սոցիոլոգ և հեղինակ Թաներ Աքչամն առաջին թուրք գիտնականներից մեկն է, որ ճանաչում և բացահայտորեն քննարկում է Հայոց Ցեղասպանությունը։ Նա ծնվել է Արդահանում, թուրքական քաղաքականությամբ զբաղվել է վաղ տարիքից։ 1976-ին ձերբակալվել է՝ որպես ուսանողական քաղաքական պարբերականի խմբագիր և դատապարտվել 10 տարվա բանտարկության։ Մի տարի անց փախել է բանտից և ապաստան գտել Գերմանիայում «Միջազգային ներում» կազմակերպության հովանու ներքո։ 1988-ից սկսել է աշխատել Համբուրգի Սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտում։ Այդտեղ էլ սկսել է հետաքրքրվել Հայոց Ցեղասպանության հետ առնչվող հարցերով և այդ թեմայի շուրջ դոկտորական թեզ է պաշտպանել 1996-ին Հանովվերի համալսարանում։ 2002-ից սկսած պրոֆեսորի հրավիրյալ ասիստենտ է Մինեսոտայի (ԱՄՆ) համալսարանում։