4 մայիսի 2015 - 17:03 AMT
Դավութօղլուն Բունդեսթագին կոչ է անում «ստվեր չգցել» հայ-թուրքական հարաբերությունների վրա

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանականերում հանդիպել է Գերմանիայում ապրող Թուրքիայի քաղաքացիների հետ:

Դորթմունդ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքին ունեցած ելույթի ընթացքում Թուրքիայի վարչապետն անդրադարձել է նաև հայկական թեմային` հատկապես անդրադառնալով Գերմանիայում վերջին շրջանում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ տեղի ունեցող զարգացումներին:

Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ նիստ է գումարվել, որի ժամանակ քննարկվում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հարցը: Հարցի շուրջ քվեարկությունը հետաձգվեց մինչև հունիս:

Դավութօղլուն խոսքն ուղղել է Գերմանիայի խորհրդարանին. «Նրանք, ովքեր փորձում են Հայոց ցեղասպանության պնդումների միջոցով մեզ պատմության դասեր տալ, մենք ասում ենք, որ մենք Անատոլիայի ժողովուրդների, այդ թվում` հայերի հետ 1.000 տարի միասին ապրել ենք: Մենք լավ գիտենք, թե նրանց հետ ինչպես ենք խոսելու ու պատմությունը քննարկելու: Բոլոր երրորդ կողմերին, անկախ նրանից, թե ովքեր են, կոչ ենք անում ստվեր չգցել: Մենք լավ գիտենք` ում հետ որտեղ և ինչպես ենք խոսելու»:

Թուրքական Huriyyet թերթի կայքի հաղորդմամբ` Դավութօղլուն կրկին խոսել է իրենց արխիվները «բացելու» ու ցավերը «կիսելու» մասին:

Թուրքիայի կառավարության ղեկավարըն հիշեցրել է նաև անցյալ տարի Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ այս տարի իր կողմից 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ցավալի իրադարձությունների կապակցությամբ օսմանյան հայերի թոռներին հղված ուղերձներն ու կրկին երրորդ երկրներին կոչ արել իրենց դասեր տալու փոխարեն սեփական պատմությունն ուսումնասիրել:

«Պարտաստ ենք քննադատություններ լսել, սակայն կտրականապես դեմ ենք վիրավորանքներին ու պատմության նենգափոխումներին»,- եզրափակել է Թուրքիայի վարչապետը, մեջբերում է Ermenihaber-ը: