6 մայիսի 2015 - 10:50 AMT
Նախագահը Վաշինգտնում հանդիպել է սենատորներին և ՄԽ ամերիկացի համանախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոնում աշխատանքային այցի առաջին օրն սկսվել է Սենատում տեղի ունեցած հանդիպումով, որին մասնակցել են Արիզոնայից ընտրված սենատոր Ջոն Մաքքեյնը, Ռոդ Այլենդից ընտրված սենատոր Ջեք Ռիդը և Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեզը, ինչպես Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄքՔոնելը:

Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», Սենատից նախագահ Սարգսյանը մեկնել է ԱՄՆ Պետքարտուղարություն, որտեղ հանդիպել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ, գրում է Tert.am-ը: «Ես այսօր ողջունել եմ ՀՀ նախագահին իմ հայրենի քաղաքում՝ Վաշինգտոնում: Այս երեկո մենք հնարավորություն ունեցանք խոսել ԼՂ խնդրի շուրջ ընթացող բանակցությունների մասին»,-գրել է նա Twitter-ում:

ՀՀ նախագահի այցի երկրորդ օրը կսկսվի Հոլոքոստի թանգարանի այցով, որից հետո ՀՀ Նախագահը ներկա կլինի Կոնգրեսի գրադարանում, որտեղ կծանոթանա Հայաստանի վերաբերող նմուշներին և կմասնակցի նոր նամականիշի մարման արարողությանը։

ՀՀ նախագահի աշխատանքային այցի շրջանակներում կստորագրվի նաև Հայաստանի և ԱՄՆ–ի միջև առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր։

Այցի շրջանակում Սարգսյանը կհյուրընկալվի «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում, հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ: Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի 7-ին Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով: Մայիսի 8-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: