6 մայիսի 2015 - 12:21 AMT
Կալիֆորնիայի համալսարանի ուսանողները կոչ են անում զրկել Թուրքիային ներդրումներից Ցեղասպանությունը ժխտելու համար

Իրվինի Կալիֆորնիայի համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինը միաձայն բանաձև է ընդունել Թուրքիայի Հանրապետությանը ներդրումներից զրկելու մասին՝ Հայոց ցեղասպանությունը չընդունելու համար, գրում է Asbarez-ը:

Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի համալսարանին, համալսարանի Իրվինի մասնաճյուղին և համալսարանի Իրվինի հիմնադրամին հետ վերցնել Թուրքիայում 72,6 միլիոն դոլար արժողությամբ բուհի պարտատոմսերն ու ներդրումները՝ Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման պատճառով, գրում է Tert.am-ը:

Համալսարանի բազմաթիվ ուսանողներ, Հայ ուսանողների ասոցիացիայի անդամները, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչները ներկա են գտնվել բանաձևի ընդունմանը և խոսել են Թուրքիայի կառավարությունում համալսարանի ներդրումների և դրանք հետ վերցնելու անհրաժեշտության մասին:

«Որպես Հայոց ցեղասպանության ժառանգ և Կալիֆորնիայի համալսարանի ուսանող՝ ես վրդովված և հիասթափված էի, երբ իմացա, որ Կալիֆորնիայի համալսարանն ավելի քան 70 միլիոն դոլար է ներդնում Թուրքիայի կառավարությունում»,- ասել է համալսարանի ուսանող Կառլա Քեքեջյանը՝ նշելով, որ այդ ներդրումները ֆինանսավորում են թուրքական մերժողական քարոզչությունը և ցեղասպանությունը ժխտելու ջանքերը:

«Ուսանողների վարձերը, իմ վարձը ներդրվում են կառավարությունում, որը մերժում է պատմությունը և մարդու իրավունքների խախտումները: Ես պետք է ներկայացնեի այս բանաձևը, որպեսզի գոնե ուսանողական մարմինը և Կալիֆորնիայի համալսարանը հանցակից չլինեն Հայոց ցեղասպանության մերժման գործին»,- ասել է նա:

Բանաձևի նախաձեռնողներից է ԱՄՆ-ում գործող Հայկական երիտասարդական ֆեդերացիայի արևմտյան թևը: