8 մայիսի 2015 - 13:07 AMT
Երևանը մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած ԱՊՀ քաղաքների թվում 2-րդն է

Հյուրանոցների առցանց ամրագրման Oktogo.ru ռուսական ծառայությունն առանձնացրել է մայիսյան տոներին ուղևորությունների համար ռուս զբոսաշրջիկների նախընտրած քաղաքները:

ԱՊՀ քաղաքների թվում Երևանը երկրորդն է Մինսկից հետո: Առաջին տասնյակում են նաև Ալմաթին, Բաքուն, Տաշքենդը, Կիևը, Բրեստը, Օդեսան, Վիտեբսկն ու Քիշնևը:

Ըստ Oktogo.ru-ի տվյալների, մայիսյան տոներին ռուսաստանիցները Երևանում են անցկացրել միջինը 4 օր և հյուրանոցներում ծախսել են օրական 85 դոլար: Մինսկում զբոսաշրջիկները հյուրանոցներում կացության համար միջինը ծախսել են 67 դոլար, իսկ Ալմաթիոմ` 56 դոլար:

Վարկանիշը կազմվել է 2015-ի մայիսի 1-11-ը ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների կողմից հյուրանոցների ամրագրման տվյալների հիման վրա: Տոնական օրերը Ռուսաստանում մայիսի 1-4-ն և 9-11-ը:

Ռուսաստանի քաղաքների թվում ամենապահանջվածներն են Սանկտ Պետերբուրգը, Սոչին, Կազանը, Մոսկվան, Նիժնի Նովգորոդը, Յարոսլավլը, Կալինինգրադը, Եկատերինբուրգը, Վելիկի Նովգորոդը, Կոստրոման:

Ըստ Oktogo.ru տվյալների, մայիսյան տոներին ԱՊՀ-ից դուրս արտասահմանյան նախընտրելի քաղաքներն են Ռիգան, Վիլնյուսը, Տալլինը, Հելսինկին, Պրահան, Բեռլինը, Վարշավան, Ստամբուլը, Հռոմն ու Փարիզը, իսկ լողափնյա հանգստի ուղղություննները` Կիպրոսը, Դուբայը, Տեներիֆեն, Մայամին ու Շարմ էլ Շեյխը:

Ամենաբյուջետային քաղաքը ռուսաստանցիների ծախսերի առումով մայիսի սկզբին Վարշավան էր, իսկ ամենաթանկը` Հռոմը: Վարշավայում ռուսները հյուրանոցում օրական մեկ օրվա համար ծախսել են 41 դոլար, Իտալիայի մայրաքաղաքում` 194 դոլար:

Oktogo.ru-ն հյուրանոցների առցանց ամրագրման առաջատար ծառայություն է, որի կայքում ներկայցված են աշխարհի շուրջ 400 000 հյուրանոցներ: