14 սեպտեմբերի 2006 - 19:22 AMT
Հայաստանում քննարկում են Լիբանան խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ հայ խաղաղապահներին Լիբանան ուղարկելու հարցն այսօր քննարկվում է երկրում, սակայն այս հարցով վերջնական որոշումը կախված է մի շարք գործոններից: «Հայաստանը խաղաղապահ առաքելությանը մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել մի շարք երկրներից: Այդ հարցը քննարկվում է, սակայն մենք գտնում ենք, որ վերջնական որոշման համար, անհրաժեշտ է պարզություն մտցնել մանդատում եւ ճշտել խաղաղպահների տեղակայման աշխարհագրությունը»,- ասել է Օսկանյանը: «Այդպիսի առաքելությունները չպետք է ինքնանպատակ լինեն: Մեր ներկայությունը պետք է որոշակի նպատակ հետապնդի, եւ հենց քննարկումների արդյունքում այն կոնկրետացվի, Հայաստանը վերջնական որոշում կընդունի»,- ընդգծել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ Լիբանանը դեռ մինչեւ վերջին իսրայելյան գործողությունը խնդրել էր Հայաստանին սակրավորներ ուղարկել: «Հետագայում, երբ Իսրայելը ներկայացնի ականդաշտերի քարտեզները եւ իրավիճակը ամբողջությամբ վերահսկելի դառնա, Հայաստանը գուցե կմասնակցի Լիբանանի առաքելությանը այդ բնագավառում»,- ասել է նախարարը:

Օսկանյանը նաեւ տեղեկացրել է, որ Լիբանանի հայ համայնքը երկիր խաղաղապահներ ուղարկելու կոչով դիմել է Հայաստանին: «Մենք հաշվի ենք առնում հասարակության կարծիքը եւ նրա հետ մշտական կապի մեջ ենք, սակայն բազմաթիվ այլ գործոններ կան: Ես համոզված եմ, որ վերջիվերջո ճիշտ որոշում կընդունվի»,- հայտարարել է նախարարը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: