Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը և դիվանագիտական հարաբերություններ կհաստատի վերջինիս հետ որպես պետության: Իսրայելը հիասթափված է այս որոշումից:
Տարածաշրջանում Վատիկանի գործունեության մասին համաձայնագրում հստակեցում կարվի, որ համաձայնագիրը ընդունվել է Պաղեստինի պետության, այլ ոչ թե Պաղեստինի ազատագրման կազմակերպության պատվիրակության կողմից, ինչպես նշված էր նախկինում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պայմանագրի ստորագրումից հետո Վատիկանը պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Պաղեստինի հետ:
«Այո, սա պաշտոնական ճանաչում է առ այն, որ այդ պետությունը գոյություն ունի»,-ասել է լրագրողներին Վատիկանի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին:
Ինչպես հայտնել է AP գործակալությունը, մեկ տարի առաջ Հռոմի պապի ծրագրում Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին անվանել էին Պաղեստինի պետության նախագահ, սակայն, նշում է գործակալությունը, մինչ օրս պաշտոնական ճանաչում չէր եղել:
Իսրայելի ԱԳՆ-ն հիասթափությունն է հայտնել այս որոշման կապակցությամբ: