14 մայիսի 2015 - 11:51 AMT
Կալիֆորնիայի համալսարանը հրաժարվել է Թուրքիայում 72.6 մլն դոլարի ներդրում կատարելուց

Ամերիկյան Կալիֆորնիայի համալսարանի Ռիվերսայդի մասնաճյուղի ուսանողական խորհրդի գաղտնի քվեարկության արդյունքում որոշում է կայացվել հրաժարվել թուրքական կառավարության պարտատոմսերում ու արժեթղթերի փաթեթներում 72.6 մլն դոլարի ներդրում կատարելուց, գրում է asbarez.com-ը։

«Թուրքական պարտատոմսերում 72.6 մլն դոլար ներդնելը կնշանակի, որ Կալիֆորնիայի համալսարանն աջակցում է մարդու իրավունքների ոտնահարմանը, որը թուրքական կառավարությունը հերքում է արդեն մեկ դար: Քվեարկության նման ելքը ցույց է տալիս, որ Կալիֆորնիայի համալսարանը դեմ է ցեղասպանության պես ոճրագործություններին»,- ասել է հայ ուսանողների ասոցիացիայի անդամ Պետրոս Քեոսոյանը, հայտնում է Tert.am-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ռիվերսայդը Կալիֆորնիայի համալսարանի 5-րդ մասնաճյուղն է, որը թրքամետ ներդրումները կանխող բանաձև է ընդունում:

Մայիսի սկզբին Իրվինի Կալիֆորնիայի համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինը միաձայն բանաձև ընդունեց Թուրքիայի Հանրապետությանը ներդրումներից զրկելու մասին՝ Հայոց ցեղասպանությունը չընդունելու համար:

«Որպես Հայոց ցեղասպանության ժառանգ և Կալիֆորնիայի համալսարանի ուսանող՝ ես վրդովված և հիասթափված էի, երբ իմացա, որ Կալիֆորնիայի համալսարանն ավելի քան 70 միլիոն դոլար է ներդնում Թուրքիայի կառավարությունում»,- ասել էր համալսարանի ուսանող Կառլա Քեքեջյանը՝ նշելով, որ այդ ներդրումները ֆինանսավորում են թուրքական մերժողական քարոզչությունը և ցեղասպանությունը ժխտելու ջանքերը:

«Ուսանողների վարձերը, իմ վարձը ներդրվում են կառավարությունում, որը մերժում է պատմությունը և մարդու իրավունքների խախտումները: Ես պետք է ներկայացնեի այս բանաձևը, որպեսզի գոնե ուսանողական մարմինը և Կալիֆորնիայի համալսարանը հանցակից չլինեն Հայոց ցեղասպանության մերժման գործին»,- ասել է նա:

Բանաձևի նախաձեռնողներից է ԱՄՆ-ում գործող Հայկական երիտասարդական ֆեդերացիայի արևմտյան թևը: