14 մայիսի 2015 - 16:20 AMT
Կանադայի Սենատը վերահաստատել է՝ պաշտոնապես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը

Կանադայի Սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր՝ 2002 թվականի հունիսին ընդունած բանաձևը, հաղորդում է Horizon Weekly-ն:

«Պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Կանադան հավատարիմ է մնում այն սկզբունքներին, որոնք մենք տարածել են ողջ աշխարհում: Ցանկացած երկիր, որը ցանկանում է ճնշել իր անցյալը, ցանկացած երկիր, որը չի առերեսվում իր անցյալի հետ, ձախողման լուրջ վտանգի է ենթարկում սեփական պատմությունից իրեն ազատելու հնարավորությունը»,- հայտարարության մեջ ասել է սենատոր Թանհ Նայի Նգոն:

Բացի այդ նա հավելել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «ծանրագույն հանցագործությունը մնում է անպատասխան, քանի որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել այն»: Նշելով, որ Կանադայի խորհրդարանը անտարբեր չի մնացել Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած կոտորածների նկատմամբ, Նգոն ասել է. «Մենք պետք է քաջալերենք արդարությունը, մարդու իրավունքները, հանդուրժողականությունն ու ժողովուրդների խաղաղ համակեցությունը, քանի որ դա է ճիշտը: Ինձ համար պատիվ է խոսել այս պալատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և վերահաստատելու մեր անփոփոխ հանձնառությունը 44 բանաձևին, որն ընդունվել է 2002 թվականի հունիսին»:

Սենատի խոսնակ Լեո Հուսակոսը ևս անդրադարձել է Ցեղասպանության փաստին և ողջունել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանին ու դահլիճում ներկա հայ համայնքի մյուս ներկայացուցիչներին: Մյուս սենատորներն իրենց աջակցությունն են հայտնել նրանց:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները` որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Ստորև ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների ցանկը: