23 մայիսի 2015 - 15:57 AMT
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարին

Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին: Մայիսի 22-ին այդ մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Զիյաֆետ Ասկերովը:

Հունիսի 18-26-ը Հայաստանում կանցկացվի ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարը, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկեր երկրների պատգամավորները::

Ասկերովը տեղեկացրել է, որ ՆՏԱՕ-ի ղեկավարը իրազեկված է Ադրբեջանի դիրքորոշման մասին, հայտնում է Interfax.az-ը:

2014-ի հունիսի 16-18 Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Roth սեմինարին մասնակցեցին ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ու պատվիրակության անդամներ՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ադրբեջանն անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ էր տրամադրել հայ պատգամավորներին:

Ադրբեջանական այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները «բողոքի ակցիա» են անցկացրել հայ պատգամավորների Բաքու ժամանելու դեմ: Ակցիան տեղի է ունեցել Four Seasons հյուրանոցի առջև, որտեղ իջևանել են հայ պատգամավորները: Ոստիկանությունը ցրել է մասնակիցներին և առգրավել նրանց պաստառները:

2014-ի ապրիլին Der Spiegel պարբերականը հրապարակեց Մոլդովայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի «հարաբերությունների զարգացմանը միտված գործնական միջոցների» գաղտնի ծրագիրը:

Nato Restricted վերտառությամբ 7-էջանի փաստաթղթում երեք երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված է միջոցառումների անհատական համալիր: Օրինակ, Դաշինքը Քիշնև կգործուղի կապի մեկ սպայի, Ադրբեջանի հետ կզարգանա գործակցությունը էներգետիկ ու կիբերանվտանգության ոլորտներում, Հայաստանում ՆԱՏՕ-ն գերակա է համարում երկրի ԶՈւ անձնակազմի որակավորման բարձրացումը:

Համագործակցությունը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև այժմ կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության (Individual Partnership Action Plan - IPAP) ծրագրի հիման վրա, որը ստորագրվել է 2005 թ. դեկտեմբերին: Հայաստանը ոչ միայն գործակցում է ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական ոլորտում, այլև կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում Դաշինքի անդամ պետությունների հետ իրավական պետության, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության ու կաշառակերության դեմ պայքարի ոլորտներում: Հայաստանը նաև մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին: