25 մայիսի 2015 - 17:00 AMT
ՃՏՊ-ներում մահացության ցուցանիշով ամենավատ վիճակը Եվրոպայում Ռուսաստանում է և Հայաստանում

Ռուսաստանը և Հայաստանը յուրօրինակ հակառեկորդ են սահմանել Եվրոպայում ճանապարհներին մահացու ելքով պատահարների թվով: Այդ են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ճգնաժամերի լուսաբանման Պուլիտցերի կենտրոնի տվյալները:

Ռուսաստանում 100 հազար բնակչի հաշվով ՃՏՊ հետևանքով գրանցվում է 18,1 մահ: Զոհվածների 53 տոկոսը վարորդներ են, 33 տոկոսը` հետիոտներ, հաջորդում են մոտոցիկլավարների մահվան դեպքերը: Մահացու ելքով ՃՏՊ-ների հիմնական պատճառներն ալկոհոլի օգտագործումն է ղեկի մոտ, արագության գերազանցումը, անվտանգության գոտու անտեսումը, և մոտոցիկլի կամ հեծանիվի սաղավարտից չօգտվելը: Երկրի ճանապարհներին զոհվում է մոտ 26 հազար մարդ:

Հայաստանում 100 հազար մարդու հաշվով ՃՏՊ հետևանքով գրանցվում է 18,1 մահ: Զոհվածների 54 տոկոսը ավտոմոբիլիստներն են, 44 տոկոսը` հետիոտները: Մահացու ելքով ՃՏՊ-ների հիմնական պատճառներն անվտանգության գոտու անտեսումն է, ալկոհոլի կիրառումը և երրորդը` արագության գերազանցումը: Հետազոտության հեղինակների գնահատականներով, Հայաստանի ճանապարհներին զոհվում է մոտ 550 մարդ:

Պաշտոնական տվյալներն այլ են` ըստ ՀՀ վիճակագրական ծառայության, 2014-ին տեղի է ունեցել ավելի քան 3100 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 297 մարդ, մոտ 4,5 հազարը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել:

Վրաստանում 100 հազար մարդու հաշվով ՃՏՊ հետևանքով գրանցվում է 15,1 մահ, Ադրբեջանում` 13.1 մահ:

Աշխարհում ամենավատ վիճակը Դոմինիկյան հանրապետությունում է, Վենեսուելայում, Թաիլանդում, Իրանում, Իրաքում և Նիգերիայում, որտեղ 100 հազար մարդու հաշվով ավելի քան 30 մարդ է զոհվում: Իսկ ամենաբարվոք վիճակը Իսլանդիայում և Շվեդիայում է (2,8 և 3 մահ 100 հազար բնակչության հաշվով): Ամեն տարի ճանապարհներն զոհվում է ավելի քան 1,2 մլն մարդ: