27 մայիսի 2015 - 17:29 AMT
Կասպրշիկը ՌԴ ԱԳՆ-ում քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը

Ըստ խորհրդակցություններ անցկացնելու ձևավորված ավանդույթի, մայիսի 27-ին ՌԴ ԱԳ փոխնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Լեռնային Ղարաբաղի գծով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Զրույցի ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի հետ կապված ակտուալ խնդիրներ:

Մայիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «ՌԴ-ն նախկինի պես որպես իր արտաքին քաղաքականության առաջնայնություններից է համարում աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև պայմանավորվածության ձեռք բերմանը: Ակտիվորեն շարունակելու ենք նպաստել փոխընդունելի պայմանավորվածությունների որոնմանը»:

Սերգեյ Լավրովը կարծում է, որ հարկավոր է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ըմբռնումը տեղափոխել ձևակերպումների հարթակ:

«Այն, որ հակամարտությունը չափից շատ ձգձգվեց, ոչ ոք չի ժխտում: Կա պայմանավորվածությունների համար իրական բազա: Այս հարցում էլ բոլորը համաձայն են: Այժմ հարկավոր է, որպեսզի այդ ընկալումն արտահայտվի կոնկրետ ձևակերպումների լեզվով»:

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ սովորաբար «դա ամենահեշտ գործը չէ», սակայն հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին կարգավորման որոնման գործում: «Երեկ մենք մի քանի ժամ շարունակ քննարկել ենք մոտեցումները ղարաբաղյան հակամարտությանը, հաշվի առնելով այն աշխատանքը, որ կատարվել է վերջին տարիներին, առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի կողմից»,-ասել է նախարարը: Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, նա «զգուշավոր, սակայն ամրապնդվող լավատեսությամբ է ընկալում իրավիճակը»: