28 մայիսի 2015 - 16:09 AMT
Իռլանդուհին հաղորդագրություն է ստացել հայ երիտասարդից 16 տարի առաջ ուղարկած նվերների համար

24-ամյա Քլեր Ֆեհին Իռլանդիայից 1999 թվականին նվերներով լի տուփ էր ուղարկել Հայաստանում բնակվող մի երեխայի: Տուփի մեջ կար նաև մի գրություն, որտեղ աղջիկը խնդրում էր նվերների նոր տիրոջն ուղարկել իր լուսանկարը:

Իռլանդական Գոլուեյ քաղաքում բնակվող աղջիկը շուտով մոռացել էր իր խնդրանքի մասին, սակայն այս շաբաթ իր նվերները ստացած հայ երիտասարդը գտել է Քլերին Facebook-ում և ուղարկել նրան 16 տարի առաջ գրված նամակի լուսանկարը: Արսեն Խաչատրյան անունով երիտասարդն իր հաղորդագրության մեջ գրել է, որ միշտ ցանկացել էր գտնել նրան՝ նվերների համար իր երախտագիտությունն արտահայտելու համար:

Աղջիկը 8 տարեկան էր, երբ գրել էր այդ նամակն ու դրել այն գունավոր մատիտներով, ձեռնոցներով, ատամի խոզանակներով և այլ իրերով լի տուփի մեջ, ապա այն ուղարկվել էր անբարենպաստ երկրներում ապրող երեխաներին, հաղորդում է իռլանդական Independent պարբերականը:

«Այս առավոտ՝ 16 տարի անց, հաղորդագրություն ստացա Հայաստանում բնակվող մի երիտասարդից, որն այսքան տարի փնտրել էր ինձ, որպեսզի շնորհակալություն հայտնի նվերներով տուփի համար: Նա լուսանկարել է գրությունս և ուղարկել այն հաղորդագրությամբ»,- գրել էր իռլանդուհին ֆեյսբուքյան իրէջում:

Հայ երիտասարդն իր հաղորդագրության մեջ գրել է, որ 15 տարի պահել էր այդ նամակը, որպեսզի գտներ այդ մեծահոգի կնոջը:

«Եթե Դուք այդ կինը չեք, խնդրում եմ պատասխանեք ինձ, որպեսզի կարողանամ շարունակել որոնումներս»,- գրել է Խաչատրյանն իռլանդուհուն ուղղված նամակում: