5 հունիսի 2015 - 14:39 AMT
Tagesspiegel. Մերկելն ու Գաուկը հրաժարվել են մեկնել Բաքու՝ Եվրոպական խաղերին

Գերմանական Tagesspiegel թերթն իր աղբյուրներին հղումով գրում է, որ Գերմանիայի առաջին դեմքերն ու Կառավարության անդամները չեն մեկնի Բաքու՝ հունիսի 12-ին կայանալիք Եվրոպական առաջին խաղերի բացմանը: «Կանցլեր Անգելա Մերկելը չի մեկնի Բաքու: Բացի այդ, ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, որը սպորտի կուրատորն է, նույնպես հրաժարվել է Ադրբեջանի մայրաքաղաք այցից: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ևս հունիսի 12-ին Բեռլինում կմնա»,- գրում է թերթը:

Այցելությունից հրաժարվելու պատճառը, ըստ հոդվածի հեղինակ Կլաուդիա ֆոն Զալզենի, Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունն է, գրում է Haqqin.az-ը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ իրավապաշտպանների վիճակի հարցով հատուկ զեկուցող Միշել Ֆորստը քննադատել էր այդ երկրում հայտնի մասնագետների հետապնդումներն ու նրանց հանդեպ ճնշումներն ու կոչ արել իշխանություններին Եվրոպական խաղերին ընդառաջ անհապաղ ազատ արձակել նրանց:

Նա առանջնացրել էր Ինտիգամ Ալիևի ու Խադիջա Իսմայիլի գործերը, ինչպես նաև խոսել Անար Մամեդլիի, Բաշիր Սուլեյմանլիի, Էլնուր Մամեդովի, Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու և Ռասուլ Ջաֆարովի մասին:

Նրանք բոլորը «մեղավոր» են, որ բացահայտել են կորուպցիան, մարդու իրավունքների խախտումներն ու ընտրությունների կեղծումը:

Ֆորստի՝ Ադրբեջանի կառավարությանը դիմելը հավանության էին արժանացրել նաև Խաղաղ հավաքների ու ասոցիացիաների իրավունքի հարվցով հատուկ զեկուցողն ու Ինքնարտահայտվելու իրավունքի պաշտպանության հարցով հատուկ զեկուցողը:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիկմետ Գաջիևն իր հերթին խիստ քննադատել է Միշել Ֆորստի հայտարարությունը՝ նշելով, որ Ադրբեջանը միշտ սերտ կապի մեջ է եղել ՄԱԿ-ում մարդու իրավունքների կոմիսարիատի հետ: Նրա խոսքով, այդ ելույթները Եվրոպական խաղերի շեմին Ադրբեջանի դեմ արշավների շարքից են: